Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկի” վարչության նախագահ Վարդան Աթայանն այսօր հայտարարել է, որ “ավանդային տոկոսադրույքի բարձրացման համար բանկերը պետք է ագահություն չցուցաբերեն եւ պատրաստ լինեն աշխատելու փոքր մարժայով”: Ինչպես ՄԵԴԻԱՄՍՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, Վարդան Աթայանն այսօր ասել է, որ եթե պետական պարտատոմսերի տոկոսադրույքը սահմանվել է տարեկան 13%, ապա բանկերը քաղաքացիներին շահագրգռելու եւ ավանդներ ներգրավելու համար պետք է առաջարկեն առավել բարձր` տարեկան մինչեւ 20%-ի հասնող տոկոսադրույքներ: Հակառակ դեպքում բնակչությունը կնախընտրի պետական երաշխիք ունեցող պարտատոմսերը, նկատել է “Յունիբանկի” վարչության նախագահը: Վարդան Աթայանն ասել է, որ քանի որՀՀ օրենսդրությամբ բանկերը չեն կարող վարկերի տոկոսադրույքները սահմանել 24%-ից բարձր մակարդակում, “հետեւաբար, ավանդային տոկոսադրույքի բարձրացման համար բանկերը պետք է ագահություն չցուցաբերեն եւ պատրաստ լինեն աշխատելու փոքր մարժայով”: Վարդան Աթայանը նշել է, որ ներկայումս “Յունիբանկի” ավանդների համար առաջարկած տոկոսադրույքը տարեկան 14% է, ինչն այս պահի դրությամբ շուկայում ամենաբարձրերից է: “Երկկողմանի փոխշահավետության հիման վրա մշակված մրցունակ ավանդատեսակների առաջարկման դեպքում դրանց նկատմամբ պահանջարկը բավականին մեծ է լինում: Դրա վառ ապացույցն է “Յունիբանկ”-ը, որն արդեն երկար ժամանակ պահպանում է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով առաջատարի դիրքը ՀՀ շուկայում”,- ասել է Վարդան Աթայանը: Tweet Դիտում՝ 14751