Երեւան /Մեդիամաքս/. “Արմենիան Քափըր Փրոգրամ” (ACP) ՓԲԸ-ն մարել է իր թողարկած արժեկտրոնային պարտատոմսերը (ARCPB1): Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են թողարկման կազամկերպիչ եւ հիմնական տեղաբաշխող “Արմսվիսբանկի” մամլո ծառայությունում, մարման գումարները թողարկողի կողմից վճարվել են մարտի 27-ին: Թողարկման ընդհանուր ծավալը 500 մլն դրամ է, անվանական արժեքը` 20 հազ. դրամ, շրջանառության ժամկետը` 18 ամիս, տարեկան եկամտաբերությունը` 10%: Պարտատոմսերը 2008թ. փետրվարի 11-ին ցուցակվել են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսայի Bbond հարթակում: Բորսայական առեւտրի ողջ ընթացքում “Արմսվիսբանկն” իրականացրել է պարտատոմսերի երկկողմանի պարտադիր գնանշումներ: Երկրորդային շուկայում ACP-ի պարտատոմսերով կատարվել են շուրջ 738 մլն դրամի գործարքներ (բացառությամբ ռեպո գործարքների), որը կազմել է թողարկման ընդհանուր ծավալի 147.6%-ը, որից շուրջ 554 մլն դրամը կազմել են բորսայական գործարքները` 11.62% միջին եկամտաբերությամբ: ACP-ի պարտատոմսերով կատարվել են նաեւ 676.6 մլն դրամ ծավալի ռեպո գործարքներ: Ընթացիկ տարվա մարտի 24-ին կնքվել են “Արմենիան Քափըր Փրոգրամ” ՓԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի առքուվաճառքի 2 գործարքներ: Գործարքների ծավալը կազմել է 3 776 004 դրամ: Պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 52 444,5 դրամ, եկմտաբերությունը` 18.2494%: “Արմենիան Քափըր Փրոգրամ” ՓԲԸ ղեկավարությունը չի բացառում ապագայում եւս արժեթղթերի նոր թողարկման հնարավորությունը: Tweet Դիտում՝ 14752