Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության թեմայով այսօր Երեւանում կայացած հանդիպումը ՀՀ նախագահի, վարչապետի եւ 48 քաղաքական կուսակցությունների առաջնորդների մասնակցությամբ շարունակվել է ավելի քան 4 ժամ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպումից հետո ասել է, որ այդպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս ըմբռնել քաղաքական կուսակցությունների տրամադրությունները եւ դժվարությունների հաղթահարման համատեղ ուղիներ փնտրել: Վարչապետը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քաղաքական կուսակցությունների բոլոր առաջնորդները հնարավորություն են ունեցել բանավոր եւ գրավոր առաջարկություններ անել Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության հաղթահարման ուղիների վերաբերյալ: Տիգրան Սարգսյանն ասել է, որ հանդիպմանը հնչել են “շատ հետաքրքիր ու արժեքավոր առաջարկներ” հարկային քաղաքականության, վարկավորման խնդիրների, պետական վարկերի տրամադրման գործիքների, գների չհիմնավորված բարձրացման զսպման գործում կառավարության մասկացության եւ այլնի վերաբերյալ: Տիգրան Սարգսյանն ասել է, որ խորհրդակցության ընթացքում քննադատություն է հնչել երկրի ղեկավարության հասցեին, որը “կառուցողական բնույթ” է կրել: Tweet Դիտում՝ 13307