Երեւան /Մեդիամաքս/. “Հարավկովկասյան երկաթուղի” /ՀԵ/ ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինն ասել է, որ ՀՀ տրանսպորտի նախարարի հայտարարությունները ՀԵ հասցեին “կարող են վարկաբեկել երկու բարեկամ երկրների` Հայաստանի ու Ռուսաստանի մակարդակով իրականացվող մեծածավալ նախագծի հեղինակությունը”: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀԵ մամլո ծառայությունում, այդ մասին ասվում է Շեւքեթ Շայդուլինի` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին ուղղված բաց նամակում: “Այսօր մենք ստեղծում ենք անհրաժեշտ նախապայմանները ՀՀ երկաթուղային տրանսպորտի երկարաժամկետ արդյունավետության եւ ֆինանսական կայունության ապահովման համար: Մեր նպատակը ծառայությունների որակի բարձրացումն է, հանրապետության տրանսպորտային արտադրության զանգվածների ավելացումը, ինտեգրացիան եվրասիական տրանսպորտային համակարգում: Սակայն նշված ռազմավարության իրականացման համար մեզ անհրաժեշտ են ըմբռնում եւ կոռեկտ վերաբերմունք համապատասխան պետական մարմինների կողմից”,- հայտարարել է ՀԵ ղեկավարը: Շեւքեթ Շայդուլինը դժգոհություն է հայտնել մարտի 17-ին տրանսպորտի նախարարի արած այն հայտարարությունների կապակցությամբ, թե 2008 թվականին ընկերության ներդրումային ծրագիրը կատարվել է նախատեսված ծավալի ընդամենը 28 տոկոսի չափով, իսկ ընկերության ղեկավարությունը չի կատարել հավատարմագրային պայմանագրի որոշ կետեր: “Հարավկովկասյան երկաթուղու ներդրումների ծավալը 2008 թվականին կազմել է 2.5 մլրդ ռուբլի(դրամական միջոցների շարժումով), որոնցից իրացվել էր մոտ 1 մլրդ ռուբլի (հիմնական ֆոնդերի մուտքագրմամբ): Իսկ միջոցների մնացած մասն անցնում է 2009թ. ներդրումային ծրագրի մեջ: Կոնցեսիոն պայմանագրի կատարման շրջանակներում մուտքագրվել են 612 մլն ռուբլու չափով հիմնական ֆոնդեր, ինչը կազմում է 2008թ. կոնցեսիոների պարտավորությունների 61 տոկոսը: Ընթացիկ տարեսկզբին "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ եւ ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարության կողմից ստեղծվել էր հավատարմագրային կառավարման դիտարկման հատուկ հանձնաժողով: Մեր համագործակցության շրջանակներում արդեն իսկ անցկացվել է 3 խորհրդակցություն, որոնց ընթացքում մշակվել են հանրապետության երկաթուղային տրանսպորտի առջեւ ծառացած խնդիրների միասնական տեսակետը եւ դրանց լուծման ուղիները: Սակայն Ձեր կողմից ընտրված երկխոսության ձեւը կառուցողականություն եւ արդյունավետություն չի ենթադրում: ՀՀ երկաթուղային տրանսպորտի առջեւ դրված խնդիրներն այնքան բարդ են, որ պահանջում են մշտական ուշադրություն եւ զգուշավոր վերաբերմունք”,- ասվում է ՀԵ ղեկավարի բաց նամակում: Tweet Դիտում՝ 11836