Երևան /Մեդիամաքս/. Հայ ազգային կոնգրեսի /ՀԱԿ/ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ քաղաքական կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեմայով մարտի 20-ին կայանալիք հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել: Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի թղթակցին այսօր ասել է Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: Միաժամանակ, նա չի մանրամասնել` արդյոք ՀԱԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ հրավեր ստացե՞լ է, թե՞ ոչ: «Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել է, որ կուսակցական Խորհրդի ղեկավար Անահիտ Բախշյանը ստացել է հրավերը, սակայն զբաղված լինելու պատճառով չի կարող մասնակցել քննարկումներին: Մամլո քարտուղարը նշել է, որ ներկայումս նախագահի աշխատակազմի հետ ճշտվում է հանդիպմանը կուսակցության Խորհրդի մեկ այլ անդամի մանակցության հարցը: «Նոր ժամանակներ» կուսակցությունը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին ուղղված նամակում մերժել է հրավերը` իր որոշումը պատճառաբանելով «իմիտացիոն բնույթի հանդիպումներին մասնակցելու ցանկության բացակայությամբ»: Tweet Դիտում՝ 10295