Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել 2009թ. պետբյուջեն ամեն եռամսյակ պլանավորելու մասին` պայմանավորված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այսօր ասել է, որ ՀՀ կառավարությունն անցնում է խիստ տնտեսման ռեժիմին եւ կրճատելու է սոցիալական ուղղվածություն չունեցող պետական ծախսերը: Կառավարությունը ֆինանսների նախարարին հանձնարարել է նաեւ դադարեցնել 2010-2012թթ. ծախսերի միջնաժամկետ ծրագրի ձեւակերպումը: Ֆինանսների նախարարն ասել է, որ վերաբաշխման ենթակա չեն 252 մլրդ չափով սոցիալական ծախսերը /թոշակներ, աշխատավարձեր, նպաստներ/, տնտեսապես կարեւոր ծրագրերը, ինչպես նաեւ ծախսերը պաշտպանության ու անվտանգության ոլորտներում: Նախարարը նկատել է, որ “ՀՀ պետական բյուջեի մասին” օրենքը բավականին ճկուն փաստաթուղթ է եւ թույլ է տալիս օգտագործել գործիքների համախումբ` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հաղթահարման նպատակով: Ֆինանսների նախարարը հարկային մարմիններին կոչ է արել ընթացիկ տարում ապահովել հարկային մուտքերը 2008թ. ցուցանիշի մակարդակում: Տիգրան Դավթյանը հայտարարել է, որ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին մնացել է 3 մլրդ դրամ, որը ծախսվելու է “ծայրահեղ դեպքում”: Tweet Դիտում՝ 12940