Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. պետբյուջեի սոցիալական բոլոր ծախսերը կկատարվեն ժամանակին եւ ամբողջ ծավալով: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նրա խոսքերով, մի շարք բյուջետային ծախսեր, ուղղված, մասնավորապես, ենթակառույցների զարգացմանը, հավանաբար, կտեղափոխվեն երրորդ կամ չորրորդ եռամսյակ: Գագիկ Մինասյանը նկատել է, որ ենթակառույցների վերականգնումն ու ստեղծումը կարեւոր դեր է խաղում ճգնաժամի պայմաններում, քանի որ ստեղծվում են աշխաատեղեր` բարենպաստ ազդեցություն ունենալով ողջ տնտեսության նկատմամբ: Նա ընդգծել է, որ սոցիալական ծախսերի ավելացում չի նախատեսվում, քանի որ տարեսկզբից դրանք արդեն աճել են 14%-ով` 2009թ. կանխատեսվող 8% գնաճի պայմաններում: Խոսելով լողացող փոխարժեքին անցնելու ԿԲ որոշման մասին` Գագիկ Մինասյանը նշել է, որ այդ քայլը կատարվել է ժամանակին, քանի որ ՀՀ բանկային համակարգը պետք է լրացուցիչ իրացվելիություն կուտակեր: Խորհրդարանականը դրական գնահատական է տվել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին` նշելով, որ այն արդյունավետ է աշխատել: Միաժամանակ, նա նշել է, որ հատկապես ուշադիր պետք է լինեն նաեւ հարկային մարմինները, քանի որ ապրանքները, որոնք մաքսազերծվել են մինչեւ դրամի արժեզրկումը, վաճառվում են բարձրացված գնով, ինչը մեծացնում է ներկրողների հարկային պարտավորությունները: Tweet Դիտում՝ 13163