Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը /ԿԲ/ պետք է հրապարակի այն խոշոր ներկրողների ցանկը, որոնք վերջին ամիսներին արժույթի շուկայում գործառնությունների արդյունքում գերշահույթ են ստացել: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր ասել է “Դաշնակցություն” խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը: Նա մի քանի առաջարկություն է արել դրամի արժեզրկման հետեւանքների մեղմման ուղղությամբ: Մասնավորապես, նրա կարծիքով, պետք է որոշ շտկումներ կատարել կառավարության դրամավարկային ծրագրում` հաշվի առնելով ազգային արժույթի վերաբերյալ կանխատեսումները: Խորհրդարանականի խոսքերով, անհրաժեշտ է հատուկ հակամենաշնորհային ծրագիր մշակել: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չի տիրապետում գների չհիմնավորված բարձրացումը կանխարգելելու գործառույթների եւ գործում է բացառապես պոստֆակտում: Մեկնաբավելով ԿԲ-ի հայտարարություններն այն մասին, որ լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելու փուլային եղաղնակն ավելի շատ ծախսեր կպահանջեր, Արծվիկ Մինասյանն ասել է, որ դրա վերաբերյալ կոնկրետ հաշվարկներ չեն ներկայացվել: Պրոֆեսոր, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը եւս կողմ է արտահայտվել լողացող փոխարժեքին անցնելու փուլային եղանակին` նկատելով, որ “այդ դեպքում դա հարվածի տակ չէր դնի վճարունակ բկաչությանը, առավել եւս, որ 2009թ. ապրիլի 1-ից բարձրանալու են գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները”: Նրա խոսքերով, ԿԲ-ի կողմից փոխարժեքի շուկայում ինտերվենցիաների ծավալը կազմել է $700 մլն, ինչն “անթույլատրելի” է: “Դրամավարկային, փոխարժեքի քաղաքականությունը չպետք է ինքնանպատակ լինի. այն պարտավոր է ծառայել երկրի տնտեսության բարօրությանը”,- հայտարարել է Թաթուլ Մանասեյանը: Միաժամանակ նա նկատել է, որ գոյություն ունի “հզոր ընդդիմադիր ուժ”` ի դեմս մի շարք ձեռնարկատերերի, որոնք կառավարությանը խանգարում են ճիշտ որոշումներ ընդունել: Որպես օրինակ Թաթուլ Մանասերյանը մատնանշել է այն փաստը, որ ՀՀ կառավարությունը օրերս ԱԺ-ից ետ է կանչել մի շարք ապրանքատեսակների մաքսային տուրքը 10-15 տոկոսով բարձրացնելու մասին օրինագիծը: Tweet Դիտում՝ 12976