Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանում այցելել է “Լիկվոր” դեղագործական ընկերություն` դրա գործունեությանը ծանոթանալու նպատակով: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, ընկերության տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը հայտնել է, որ հունվարին “Լիկվոր” ընկերությունը դիմել է ՀՀ կառավարության օպերատիվ հակաճգնաժամային շտաբ` 5 տարի ժամկետով եւ 10% տոկոսադրույքով $2,4 մլն պետական վարկ ստանալու նպատակով: Սերգեյ Մաթեւոսյանի խոսքերով, վարկի գումարից $1,8 մլն նախատեսվում է ուղղել “Լիկվորի” նոր արտադրական մասնաշենքի շինարարական աշխատանքներին, որը կառուցվում է 2008 թվականի սեպտեմբերից, ինչպես նաեւ արտադրությում կատարվելիք ներդրումներին, ինչը, ընկերության տնօրենի խոսքերով, թույլ կտա 3 տարի հետո եռապատկել վաճառքները, ունենալ GMP չափանիշներին համապատասխանող առաջին դեղագործական գործարանը Հայաստանում, ընդլայնել արտահանումը եւ ներկրման փոխարինումը, ինչպես նաեւ կրկնապատկել աշխատակիցների թիվը, որոնք այժմ 83-ն են: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ասել է, որ կառավարությունը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել ընկերությանը վարկ տրամադրելու մասին, նշելով սակայն կառավարության աջակցությունը ստանալու “Լիկվորի” մեծ հնարավորությունները: “Ընկերությունն արձանագրում է աճի բարձր տեմպեր, 2008 թվականին նրա արտահանման ծավալները կազմել են ավելի քան $1 մլն, եւ կառավարական աջակցությունը թույլ կտա նրան ներդրումներ կատարել գիտական հետազոտություններում եւ փոխակերպել դրանք արտադրանքի”, - ասել է Ներսես Երիցյանը, նշելով, որ կառավարական վարկ ստանալու ընկերության հնարավորությունները բարձր են նաեւ “Լիկվորի” կապիտալում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի 40%-անոց մասնակցության շնորհիվ: “Լիկվոր” ընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին: 2008 թվականի արդյունքներով ընկերությունն առաջատարն է Հայաստանում դեղորայքի արտադրության եւ արտահանման աշխարհագրության առումով (ԱՊՀ գրեթե բոլոր երկրները): 2008 թվականին արտահանումը կազմել է ընկերության վաճառքների 40%: Tweet Դիտում՝ 14680