Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում առաջին IPO-ի բաժնետոմսերի ձեռքբերման փաստացի բաժանորդագրությունը մեկնարկում է այսօր: Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում տեղեկացրել է “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ խորհրադտու եւ թողարկման տեղաբաշխող ՙԱրմենբրոկ՚ ներդրումային ընկերության տնօրեն Արամ Քայֆաջյանը: “Ներկայումս Ստեփանակերտում տեղի է ունենում “Արցախ ՀԷԿ”-ի թողարկման շնորհանդեսը: Կուտակված ներդրումների ծավալը կազմում է մի քանի միլիոն դրամ”,- ասել է Արամ Քայֆաջյանը: Նա կարծիք է հայտնել, որ տեղաբաշխումը հաջող կընթանա` նշելով, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը քիչ է ազդել հիդրոէներգետիկայի վրա, եւ այդ ոլորտում կատարված ներդրումներն ավելի հեռանկարային են դառնում: “IPO-ի արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ կառավարության տնօրինման ներքո է մնալու “Արցախ ՀԷԿ”-ի բաժնետոմսերի 60-65%-ը, սակայն հետագայում ընկերությունը կազմակերպելու է բաժնետոմսերի նոր տեղաբաշխում”,- ասել է Արամ Քայֆաջյանը: “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ-ն ԼՂՀ-ի առաջատար էներգետիկ ընկերություններից մեկն է, որն ապահովում է հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի 40-60%-ը: Բաժնետոմսերի տեղաբաշխման արյունքում հավաքագրված միջոցներն ուղղվելու են երեք նոր հիդրոէլեկտրակայանների շինարարությանը Թարթառ գետի վրա, որոնք ապահովելու են ԼՂՀ էլեկտրաէներգիայի պահանջարկի 85%-ը: Թողարկման ընդհանուր ծավալը 3 մլրդ 450 մլն 750 դրամ է: Տեղաբաշխվող սովորական անվանական բաժնետոմսերի քանակը 3 285 715 է, մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը` 1050 դրամ: Թողարկման ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, իսկ տեղաբաշխման ավարտից հետո “Արցախ ՀԷԿ”-ի բաժնետոմսերի` “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ֆոնդային բորսայում ցուցակվելու հայտ է ներկայացվելու: Բաժնետոմսերի ձեռքբերման բաժանորդագրությունը շարունակվելու է մինչեւ ս.թ. ապրիլի 10-ը: Թողարկման ազդագիրը հասանելի է “Արցախ ՀԷԿ”-ի (www.artsakhhpp.com) եւ “Արմենբրոկի” (www.armenbrok.com )ինտերնետային կայքերում: Tweet Դիտում՝ 14295