ՏՄՊՊՀ-ը խոստանում է “անհապաղ” արձագանքել գների աճին
03.03.2009 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը /ՏՄՊՊՀ/ այսօր հայտարարել է գների բարձրացումը խիստ վերահսկողության տակ վերցնելու մասին` պայմանավորված լողացող փոխարժեքին վերադարնալու ՀՀ Կենտրոնական բանկի որոշմամբ:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են հանձնաժողովի մամլո ծառայությունում, ՏՄՊՊՀ-ի նախագահ Աշոտ Շահնազարյանն այսօրվա արտահերթ նիստում հանձնաժողովի աշխատակազմին հանձնարարել է ընդլայնել առաջին անհրաժեշտության ապրանքների գների մոնիտորինգը:
Արդեն իսկ արձանագրվել են այդ խմբի որոշ ապրանքների գների բարձրացումներ, եւ ՏՄՊՊՀ-ի միջամտության շնորհիվ հաջողվել է զսպել գների բարձրացումը խոշոր տնտեսվարող սուբյեկտների կողմից:
Առաջին անհրաժեշտության ապրանքների ցուցակը ներառում է 40 ապրանքատեսակ:
ՏՄՊՊՀ-ը խոշոր ներկրողներին, մանրածախ առեւտրի կազմակերպիչներին եւ արտադրողներին կոչ է արել ձեռնպահ մնալ գների չհիմնավորված բարձրացումներից:
“Շուկայում տիրող իրավիճակը խիստ վերահսկողության տակ է, եւ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի արձագանքը չի ուշանա”,- ընդգծել են ՏՄՊՊՀ մամլո ծառայությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: