Երեւան /Մեդիամաքս/. Ազգային արժույթի փոխարժեքի ճշգրտումը անհրաժեշտ է Հայաստանի մրցունակության բարձրացման եւ Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական դժվարություններից բխող արտաքին ցնցումների ազդեցության մեղմացման համար: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդպիսի հայտարարությամբ այսօր հանդես է եկել Համաշխարհային բանկը /ՀԲ/: Հայտարարությունում ասվում է, որ ՀԲ-ը պատրաստ է աջակցել Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականության վերադարձին, ինչպես նաեւ այն անհրաժեշտ միջացառումներին, որոնք կարեւոր են լողացող փոխարժեքի ռեժիմին անցումն ապահովելու համար: “Ճկուն փոխարժեքի քաղաքականությունը հանդիսանում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը դիմագրավելուն ուղղված Հայաստանի իշխանությունների համալիր տնտեսական քաղաքականության ծրագրի կարեւոր մասը, որը կնպաստի հայկական ձեռնարկությունների մրցունակությն բարձրացմանը թե’ համաշխարհային, եւ թե’ տեղական շուկաներում, եւ այդպիսով հիմք կհանդիսանա առաջիկայում տնտեսական աճի վերականգնման եւ կայունացման համար”,- ասվում է ՀԲ-ի հայտարարության մեջ: Ինչպես հայտարարում են ՀԲ-ում, Հայաստանը համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմակայում է բավականին ուժեղ դիրքերից` հավասարակշռված մակրոտնտեսական կառավարման, պետական պարտքի ցածր մակարդակի եւ գործուն բանկային համակարգի շնորհիվ: Համաշխարհային բանկի խումբը 2009-2012թթ. համագործակցության ռազմավարության շրջանակներում կշարունակի աջակցել Հայաստանին` Վերականգման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) եւ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) $525 մլն ընդհանուր գումարով վարկային ծրագրերով: Միաժամանակ, Միջազգային ֆինանսական կորպորացիան /ՄՖԿ/ պատրաստ է զգալիորեն մեծացնել իր համագործակցությունը ՀՀ բանկերի եւ այլ ընկերությունների հետ: “Մակրոտնտեսական կայունության եւ ազատ շուկայի ստեղծմանն ուղղված ՀՀ քաղաքականությունը վերջին տարիներին հանգեցրել է զգալի տնտեսական արդյունքների, եւ մենք պատրաստակամ ենք առաջիկայում եւս աջակցել Հայաստանում բարեփոխումներին ընթացքին”, - ասված է ՀԲ-ի հայտարարության մեջ: Tweet Դիտում՝ 11805