Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. հունվարին սպառողական գների 1,2% աճից հետո փետրվարին ՀՀ-ում արձանագրվել է դրանց անկում 1,8%-ով: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, փետրվար ամսին հունվարի համեմատ պարենային եւ ոչ պարենային ապրանքատեսակների գները նվազել են համապատասխանաբար 3,3% եւ 0,9%-ով, իսկ սակագներն ու ծառայությունները` 0,2%-ով: Սպառողական գների ինդեքսը այս տարվա փետրվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել է 0,7%-ով, ընդ որում` պարենային եւ ոչ պարենային ապրանքատեսակների գները նվազել են համապատասխանաբար 0,6% եւ 2,2%-ով, իսկ սակագները չեն փոխվել: Ընթացիկ տարվա հունվարի-փետրվար ամիսներին 2008թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ՀՀ-ում սպառողական գների ինդեքսը աճել է 2,5%-ով, ընդ որում` պարենային եւ ոչ պարենային ապրանքատեսակների գները նվազել են համապատասխանաբար 0,2% եւ 2,3%-ով, իսկ ծառայությունների սակագներն ավելացել են 10,1%-ով: Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` փետրվարին պարենային մթերքի գնի 3,3%-ոց անկումը պայմանավորված է հիմնականում բանջարեղենի, մրգի, բուսական եւ կենդանական յուղերի, ինչպես նաեւ հացամթերքի գների նվազմամբ: Միաժամանակ, փետրվար ամսին սակագների իջեցումը պայմանավորված է հիմնականում ավիատոմսերի գների 5,9%-ոց անկմամբ: Ընթացիկ տարվա փետրվարին հունվարի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գները կրճատվել են համապատասխանաբար 3,3% եւ 3,7%-ով: Տարվա սկզբից բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 12,4% եւ 13,8%-ով: Tweet Դիտում՝ 11737