IT ընկերությունները կառավարությունից ակնկալում են «ավելի վճռական քայլեր» եւ դժգոհ են մաքսայինի աշխատանքից

25.02.2009 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. ՀՀ IT ընկերությունները կառավարությունից «ավելի վճռական քայլեր» են ակնկալում:

Ինպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում նշել է IT ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, որոնք վերաբերում են, մասնավորաես, 300 մլն դրամից ավել սարքավորումների ներմուծումների դեպքում ընկերություների կողմից ԱԱՀ վճարումը 3 տարով հետաձգելուն, դրական ազդեություն կունենան ներդրումների ներգրավման վրա: Սակայն, Վարդանյանի խոսքերով, կառավարությունը պետք է «ավելի առաջ» գնա` սահմանում IT ընկերություններից առհասարակ ԱԱՀ չգանձելով: 

Նախկինում բազմաթիվ IT ձեռնարկություններ խնդիրներ են ունեցել` կապված սահամանում ԱԱՀ գանձման հետ: «Այդ պատճառով շատ խոշոր ընկերություններ, օրինակ, Intel-ը, հրաժարվեցին Հայաստոանում լուրջ ներդրումներից»,- նկատել է Կարեն Վարդանյանը: Նա հույս է հայտնել, որ կառավարության որոշումները թույլ կտան վերսկսել բանակցությունները արտասահմանյան խոշոր ներդրողների հետ:

Սահմանում ԱԱՀ գանձումը դադարեցնելու անհրաժեշտության մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հացրազրույցում բարձրաձայնեցին մի շարք IT ընկերությունների ղեկավարներ: «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը կարծում է, որ կառավարության որոշումը կօգնի միայն խոշոր ձեռնարկություններին, քանի որ 300 մլն դրամը բավականին խոշոր գումար է: Իսկ Sourcio ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանի կարծիքով, սարքավորումների ներկրման ցանկացած ծավալի ԱԱՀ-ն պետք է արձանագրել, սակայն չգանձել:

Synopsys Armenia-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում նկատել է, որ եթե սարքավորումները ներկրվում են ընկերության սեփական կարիքների համար, այլ ոչ թե վաճառքի նպատակով, դրանք պետք է ամբողջովին ազատվեն ԱԱՀ-ից: 

IT հատվածի զարգացմանը խոչընդոտող գործոնների թվում ոլորտի ներկայացուցիչները նշել են մաքսակետի աշխատանքը: Ինչպես նշել է UITE-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, արտահանման դեպքում առկա է IT ոլորտում շուկայական գների մեխանիզմի կիրառման խնդիրը, որը խոչընդոտում է ընկերություններին լինել ավելի ճկուն եւ հետեւել համաշխարհային շուկայի պահանջներին: Բացի վերաարտահանումից, IT ընկերությունները արտահանման ոլորտում բախվում են նաեւ «բարձր տեխնոլոգիաներ» բնորոշման հետ կապված բարդությունների:

Ներկայումս UITE-ն քննարկում է մի շարք փոփոխություններ` դրանք կառավարությանը ներկայացնելու նպատակով: Կարեն Վարդանյանը նշել է, որ փոփոխությունները կնպաստեն մաքսային վարչարարության մեղմացմանը, ինչն, իր հերթին, կբարձրացնի դրա թափանցիկության աստիճանը:

Դիտում՝ 11299
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW