Երևան /Մեդիամաքս/. Առաջիկա նիստերից մեկում կառավարությունը կհրապարակի այն երկու ընկերությունների անունները, որոնք պետական աջակցություն կստանան օպերատրվ շտաբի ներկայացրած եզրակացության հիման վրա: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը հայտնել է, որ օպերատիվ շտաբում ստացված 113 առաջարկություններից 9-ը ստացել են դրական գնահատական, 22-ը մերժվել են, 55 հայցորդների խորհուրդ է տրվել վերանայել ու լրամշակել նախագծերը, իսկ 10-12 առաջարկությւոններ գտնվում են քննարկման վերջնական փուլում: Խոսելով ընտրության չափանիշների մասին` Դավիթ Սարգսյանն ասել է, որ ներկայումս շտաբը մշակում է նախագծերի ու առաջարկություների ընդունման չափորոշիչներ, որոնք շուտով կտեղադրվեն կառավարության պաշտոնական կայքում: «Առավելություն է տրվում որոշակի ճանապարհ անցած եւ շուկայում դիրք ձեռք բերած ընկերություններին, ինչպես նաեւ ներկրման փոխարինում եւ արտահանման ծավալների աճ նախատեսող առաջարկություններին»,- ասել է կառավարության աշխատակազմի ղեկավարը: Ստացված առաջարկների մեծ մասը վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, տեքստիլային արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների ու գիտական մշակումների ոլորտներին: Դավիթ Սարգսյանը տեղեկացրել է, որ հավանության արժանացած նախագծերը փորձագիտական գնահատում են անցնում առեւտրային բանկերի կողմից, որոնք որոշում են վարկավորման ռիսկերի աստիճանը: «Փաստորեն, կառավարությունը գնահատում է վարկատուի ռիսկերը եւ հանդես է գալիս որպես միջնորդ բանկի ու ձեռանարկատիրոջ միջեւ»,- եզրափակել է նա: Կառավարության աշխատակազմի ղեկավարն ասել է, որ մասնավոր ընկերություններին աջակցելու գործիքներն ու մեթոդները տարբեր են. մի դեպքում դա ԱԱՀ-ի վճարման ժամկետների երկարացումն է, մյուս դեպքում` երաշխավորված բանկային վարկը, երրորդում` պետության մասնակցությունը ընկերության կապիտալում: Tweet Դիտում՝ 11355