2026 թվականի երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձեւավորվել թիրախից բարձր մակարդակում՝ հունիսին կազմելով 5.1%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 4.9%: 2026 թվականի երկրորդ եռամսյակում, աշխարհաքաղաքական անորոշության եւ էներգակիրների բարձր գների պայմաններում համաշխարհային տնտեսությունում պահանջարկը շարունակել է թուլանալ, իսկ դրա հեռանկարը վատթարացել է։ Տնտեսական աճն ԱՄՆ-ում վերջին եռամսյակների ընթացքում որոշակիորեն դանդաղել է, չնայած սպառողական բարձր ակտիվությունը պահպանվում է։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի պետական պարտքի ավելի բարձր ուղեգծի ձեւավորման, հետեւաբար նաեւ երկարաժամկետ տոկոսադրույքների բարձր մակարդակներում երկար պահպանման ռիսկերը մնում են առարկայական: Եվրոգոտում եւ Ռուսաստանում, չնայած երկրորդ եռամսյակում տնտեսական աճի թույլ վերականգնմանը, կառուցվածքային խնդիրներն աստիճանաբար խորանում են՝ հանգեցնելով նաեւ աճի միջնաժամկետ հեռանկարի վատթարացմանը։ Զուգահեռաբար, ապրանքահումքային եւ պարենային ապրանքների գների հեռանկարի շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է։ Այս համատեքստում, հաշվի առնելով ընթացիկ բարձր գնաճային միջավայրը եւ դրա հեռանկարի շուրջ մեծ անորոշությունը, առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության գործող տոկոսադրույքների երկար պահպանման կամ դրանց բարձրացման ռիսկերն ավելացել են: 2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվում է բարձր տնտեսական ակտիվությունը, որին մեծապես նպաստում են շինարարության եւ ծառայությունների ճյուղերի զարգացումները: Ծառայությունների ճյուղի բարձր ակտիվությունը մատնանշում է նաեւ տնտեսությունում ձեւավորված բարձր պահանջարկի պայմանների մասին: Ավելին, նկատվում են նաեւ արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով դեպի ՀՀ այցելությունների աճով։ Սա արտացոլվում է նաեւ համապատասխան ճյուղերում աշխատավարձերի աճի եւ գնաճի արագացմամբ։ Այս իրավիճակում, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, թեեւ գնաճին շարունակում են զգալի նպաստում ունենալ նաեւ առաջարկի գործոնները: Մյուս կողմից՝ պահպանվում են մասնավոր աշխատավարձերի աճի եւ գնաճային սպասումների կայունացման միտումները։ Ավելին՝ արտահանման առանձին շուկաներում առաջացած խնդիրների հետեւանքով ՀՀ տնտեսությունում եկամուտների նվազման, ինչպես նաեւ առանձին ապրանքների մասով ավելցուկային առաջարկի ձեւավորման ռիսկերն ավելացել են՝ պարունակելով առավելապես գնանկումային ազդեցություններ։ Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են, որ ԿԲն միջնաժամկետ հորիզոնում կպահպանի քաղաքականության տոկոսադրույքը 6.5% մակարդակում: 04.08.2026 | 12:07 Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է մնացել Քննարկված ռիսկերի եւ առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների առկայության եւ ընդլայնման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։ Մյուս կողմից՝ Խորհուրդը մատնանշել է Բ տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի, արտահանման առանձին ուղղություններում առաջացած խնդիրների հետեւանքով եկամուտների նվազման եւ գնանկումային ռիսկերի ձեւավորման եւ ՀՀ երկրի ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի: Արդյունքում, արձանագրելով Ա տիպի սցենարների նյութականանալու մեծ հավանականությունը, սակայն կարեւորելով Բ տիպի սցենարներից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար: Tweet Դիտում՝ 544