Ամունդի-Ակբա. Կենսաթոշակային ֆոնդերը կրկին գրանցել են դրական եկամտաբերություն

29.07.2026 | 14:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամունդի-Ակբա #կենսաթոշակային ֆոնդ

Ամունդի-Ակբա կենսաթոշակային ֆոնդերը 2026թ․2-րդ եռամսյակում վերականգնվել են Մերձավոր Արեւելքում հակամարտության հետեւանքով գրանցված նվազագույն մակարդակներից եւ գրանցել դրական եկամտաբերություն։


2026թ․-ի 2-րդ եռամսյակի համար եկամտաբերությունը ֆոնդերում կազմել է՝ 

Հավասարակշռված (AMBAL) ֆոնդ` 5․2%, 
Պահպանողական (AMCON) ֆոնդ՝ 4.3%, 
Կայուն եկամտային (AMFIX) ֆոնդ` 1․5%:

Երեք ֆոնդերի ակտիվները 2026թ. հունիսի վերջի դրությամբ կազմել են ավելի քան 842.4 մլրդ դրամ, որից շուրջ 228 մլրդ․դրամը` ակտիվների 27%-ը, ձեւավորվել է կառավարման արդյունքում։

Երկրորդ եռամսյակում Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական լարվածությունը պարբերաբար բարձրացնում էր շուկաների անկայունությունը։ Սակայն ԱՄՆ-Իրան հրադադարի շրջանակային համաձայնության եւ փոխըմբռնման հուշագրի (MoU) շուրջ հայտարարություններն որոշակիորեն մեղմել էին տարածաշրջանային էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները։ Արդյունքում էներգակիրների գները նվազել էին, իսկ ներդրողների տրամադրությունները բարելավվել, քանի որ թուլացել էին համաշխարհային էներգամատակարարման երկարատեւ խափանման շուրջ մտավախությունները։

Հրադադարի վերաբերյալ նորություններով պայմանավորված, ինչպես նաեւ արհեստական բանականության (AI) կապիտալ ծախսերի շուրջ լավատեսության վերականգնման պայմաններում՝ համաշխարհային բաժնետոմսերի շուկաներն աճել էին, ինչն իր հերթին մեծապես նպաստել էր Հավասարակշռված եւ Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի դրական եկամտաբերությանը։ 

Միաժամանակ պարտատոմսերի եկամտաբերությունների շարժը չափազանց սերտորեն հետեւում էր էներգետիկ շուկաների զարգացումներին։ Եռամսյակի կեսերին, երբ լարվածության սրման մտահոգություններն ուժեղացան, պետական պարտատոմսերի եկամտաբերությունները բարձրացան՝ հասնելով բազմամյա առավելագույն մակարդակների, սակայն հետագայում նվազեցին՝ ԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնության շուրջ հուսադրող ազդակների ֆոնին։ Այնուամենայնիվ, արտասահմանյան պարտքային գործիքները սահմանափակել են եկամտաբերության աճը Պահպանողական եւ Կայուն եկամտային ֆոնդերում։ 

Տեղական ներդրումներից՝ ՀՀ պետական եւ կորպորատիվ պարտատոմսերը, ինչպես նաեւ ավանդները, դրական ազդեցություն են ունեցել բոլոր ֆոնդերի եկամտաբերության վրա, իսկ ՀՀ բաժնետոմսերը՝ Հավասարակշռված եւ Պահպանողական ֆոնդերի արդյունքների վրա։ 

Ամունդի-Ակբա կենսաթոշակային ֆոնդերի եռամսյակային եկամտաբերությանն ու ներդրումներին ավելի մանրամասն այստեղ։ 

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․հունիսի 30-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են ավելի քան 842 մլրդ դրամ։ 

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․4 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2026թ․ մարտի 31-ի դրությամբ, եւ Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 63 մասնաճյուղ։
Դիտում՝ 3143

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW