Երեւան /Մեդիամաքս/. Կենտրոկանան բանկի /ԿԲ/ կանխատեսումների համաձայն` 2009թ. առաջին կիսամյակում ՀՀ տնտեսական աճը կկազմի 1,5-3,5%: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասվում է ՀՀ ԿԲ-ի 2009թ. առաջին կիսամյակի դրամավարկային ծրագրում: Միաժամանակ, աճի ցուցանիշը երկրորդ կիսամյակում կանխատեսվում է 6-ից 9%, ինչի արդյունքում տարվա արդյուքներով տնտեսական աճը կարող է կազմել 4,5-ից 7,5%: Ծրագրում նշվում է, որ երկրորդ կիսամյակից տնտեսական աճի տեմպի արագացումը պայմանավորված է լինելու կառավարության կողմից լրացուցիչ տնտեսական ծրագրերի իրականացմամբ եւ փոքր ու միջին բիզնեսի խթանման նախագծերով: Ինչպես նշում են ԿԲ-ի մասնագետները, ընթացիկ տարում կպահպանվեն տնտեսական աճի նվազեցման ռիսկերը, որոնք կապված են համաշխարհային շուկայում պահանջարկի անկմամբ, ինչպես նաեւ կառավարության կողմից լրացուցիչ ծրագրերի իրականացման գործընթացի հնարավոր դանդաղեցմամբ: Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն` 2009 թվականին արդյունաբերության աճը կկազմի 2-5%, իսկ ծառայությունների ոլորտում` 8-11%: Ըստ ԿԲ-ի կանխատեսումների` ՀՀ-ում գնաճը կկազմի 5%: Սակայն, նշվում է փաստաթղթում, հնարավոր են ռիսկեր ինֆլյացիայի ինչպես նվազման, այնպես էլ աճի առումով, որոնք պայմանավորված են համաշխարհային տնտեսությունում տիրող գործընթացներով: 2009թ. ապրիլի 1-ից գազի գնի բարձրացումը հայ սպառողների համար եւս կհանգեցնի ուղղակի եւ անուղղակի ինֆլյացիոն ռիսկերի: ԿԲ-ն կանխատեսում է, որ Հայաստանի արտահանման ծավալներն այս տարի կկրճատվեն 35-40%-ով: Միաժամանակ, ակնկալվում է, որ կառավարության նախատեսած միջոցառումները կնպաստեն արտահանման որոշակի աճին, որը հիմնականում կդիտարկվի տարվա երկրորդ կեսին: ԿԲ-ի կանխատեսումների համաձայն` Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծավալներն այս տարի կավելանան 25-28%-ով: Tweet Դիտում՝ 12639