Իրինա Սեյլանյանը նշանակվել է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (ԱՆՀՀ-AIFA) հիմնադրամը նոր գործադիր տնօրեն։ Իրինա Սեյլանյանը Հայաստանում եւ արտասահմանում 25 տարուց ավելի աշխատել է ֆինանսական ոլորտում՝ ձեռք բերելով ռազմավարական կառավարման հարուստ փորձ։ Գործադիր տնօրենի պաշտոնում նա կառաջնորդի ԱՆՀՀ-ի ռազմավարական ծրագրերի մշակումը, իրականացումն ու գործընկերային կապերը՝ աշխատելով Հայաստանի եւ աշխարհի հայության շահագրգիռ բոլոր կողմերի հետ։«Իրինան առաջնորդության, ռազմավարական տեսլականի եւ Հայաստանի ապագայի հանդեպ խորը պատասխանատվության բացառիկ համադրություն ունի։ Գործընկերություններ կառուցելու, բարդ նախաձեռնություններ զարգացնելու եւ ղեկավարելու նրա փորձը մեծապես կօգնի առաջնորդել երկարաժամկետ փոփոխություններին միտված մեր ջանքերը », - ասել են Աֆեյան հիմնադրամի հոգաբարձուներ Նուբար եւ Աննա Աֆեյանները։ Իրինա Սեյլանյանը տարբեր տարիներին եղել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն, HSBC Մալթայի միջազգային շուկաների դեպարտամենտի եւ HSBC Bank Plc (Մեծ Բրիտանիա)-ի կարգավորող ռիսկերի ծրագրերի ղեկավարը։ Իրինա Սեյլանյանը հոգաբարձուների խորհրդի անդամ է մի քանի կազմակերպություններում. Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի՝ ԶԻՆԱՊԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Հայաստանի ազգային վճարային համակարգի (ArCa) եւ Հայաստանում Ամերիկայի առեւտրային պալատի (AmCham) խորհրդի անդամ: «Այս կարեւոր ժամանակահատվածում ԱՆՀՀ-ին միանալն ինձ համար մեծ պատիվ է։ Ինձ ոգեշնչում է կազմակերպության առաքելությունն ու Հայաստանի համար ավելի հզոր ապագա կառուցելու հանձնառությունը։ Անհամբեր սպասում եմ մեր գործընկերների, աջակիցների եւ համայնքների հետ համագործակցությանը՝ ընդլայնելու մեր ազդեցությունը եւ նպաստելու Հայաստանի բացառիկ ներուժի լիարժեք իրացմանը», - ասել է Իրինա Սեյլանյանը: Tweet Դիտում՝ 2599