ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է հակաճգնաժամային օրինագծերի փաթեթը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, կառավարությունը, մասնավորապես, հաստատել է օրենքի այն նախագիծը, համաձայն որի 2009 եւ 2010 թվականներին Հայաստանում ներդրումներ կատարող եւ 300 մլն դրամը գերազանցող սարքավորումներ ներկրող ընկերությունները կարող են ԱԱՀ վճարել ներկրումից 3 տարի անց: Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, “այդպիսով մենք կարող ենք լուրջ ներդրումներ ներգրավել եւ առավելություն ստանալ այլ երկրների նկատմամբ”: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ “ՀՀ պետբյուջեի համար այս որոշման գինը 5 մլրդ դրամ է, սակայն կառավարությունն այդ քայլին գիտակցաբար է գնում` առաջնահերթությունը տալով ներդրումային նոր ծրագրերին եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը”: Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունը նոր ձեռնարկություններ հիմնելու մասին առաջարկություններ է ստանում, եւ մասնավոր հատվածի հետ հանդիպումները ցույց են տալիս, որ այս որոշումը լուրջ խթան կհանդիսանա: “Բացի այդ, Հայաստանում հայտնի արտասահմանյան ապրանքանիշեր ներկայացնող խոշոր ներկրողները այդ որոշման ընդունման դեպքում մեր երկրում սեփական արտադրություն բացելու պատրաստակամություն են հայտնել”,- ասել է վարչապետը` հավելելով, որ եթե այն արդարացնի իրեն, ապա սահմանում ԱԱՀ վճարելուց լիովին կազատվի ներկրվող սարքավորումների ցանկացած ծավալ: Կառավարության մեկ այլ որոշման համաձայն` ապրանքների ներկրման մաքսային տուրքերը, որոնք նախատեսված են վերջնական սպառողի համար, 10 տոկոսից կբարձրացվեն մինչեւ 15 տոկոս: Ներսես Երիցյանի խոսքերով, այդ որոշումը չի հակասում Առեւտրի համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ նկատմամբ ՀՀ պարտավորություններին եւ ուղղված է ներքին արտադրության խթանմանը: Նախարարն ասել է, որ ներկայումս այդ միջոցառումը անհրաժշտություն է, եւ հույս է հայտնել, որ այն ժամանակավոր կլինի: Տիգրան Սարգսյանն, իր հերթին, նշել է, որ այդ միջոցառումը կպաշտպանի տեղական արտադրողին եւ կնպաստի հայաստանյան տնտեսության դիվերսիֆիկացմանը: Վարչապետը էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է ամենակարճ ժամկետներում նախապատրաստել անհրաժեշտ բոլոր փոփոխությունները մաքսային օրենսդրությունում եւ դրանք ներկայացնել Ազգային Ժողովի քննարկմանը: Tweet Դիտում՝ 12344