Կիսաեզրափակչի շուրջ 800 մասնակից․ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը մտնում է վճռորոշ փուլ

18.05.2026 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Koreez #Telcell #PhysMath

Մայիսի 16-ին ու 17-ին ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում կայացել է «Koreez-Telcell-PhysMath» համահանրապետական մաթեմատիկական մրցույթի կիսաեզրափակիչ փուլը։


Telcell-ից հայտնում են, որ այս տարվա մրցույթն աչքի է ընկել աննախադեպ մասշտաբով՝
ընդգրկելով ավելի քան 15,000 աշակերտ ինչպես Երեւանից, այնպես էլ Հայաստանի բոլոր 10 մարզերից։

Առաջին երկու առցանց փուլի արդյունքում կիսաեզրափակիչ փուլ է անցել շուրջ 800 լավագույն աշակերտ։ Իր ինտենսիվությամբ աչքի ընկած կիսաեզրափակիչ փուլն իրականացվել է առկա տարբերակով, Ա․ Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում։ 

Մրցակցություն, որը տեւեց ամբողջ երկու օր

Կիսաեզրափակիչ փուլն անցկացվել է մայիսի 16-ին եւ 17-ին՝ առավոտյան 10:30-ից մինչեւ 18:00-ն։ Այդ ընթացքում տարբեր տարիքային խմբերի աշակերտները հերթափոխով մասնակցել են իրենց դասարանի համար նախատեսված մրցույթին։

Յուրաքանչյուր մասնակից ուներ 90 րոպե՝ իր գիտելիքները, տրամաբանական մտածողությունն ու բարդ, բայց հետաքրքիր խնդիրներ լուծելու ունակությունները ապացուցելու համար։

Մասնակիցները պայքարում էին մայիսի 30-ին կայանալիք եզրափակիչ փուլ անցնելու համար, որը նախատեսված է յուրաքանչյուր տարիքային խմբից միայն լավագույն 10 աշակերտի համար։

Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը նշել է, որ այս տարվա արդյունքներն արդեն խոսում են նախաձեռնության ազդեցության մասին.

«Ավելի քան 15,000 մասնակից ունենալը նշանակում է, որ մենք ոչ միայն մրցույթ ենք կազմակերպում, այլ կազմակերպում ենք իրական կրթական շարժում։
Այս երեխաները այսօր խնդիրներ չեն լուծում, նրանք ձեւավորում են իրենց մտածողությունը, հավատքն իրենց ուժերի ու ապագայի հանդեպ»։

Telcell-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանն ընդգծել է, որ նման նախաձեռնությունները կարեւոր ներդրում են երկրի զարգացման համար.

«Մաթեմատիկան հանդիսանում է տեխնոլոգիական աշխարհի հիմքը։ Մենք կարեւորում ենք այնպիսի ծրագրերը, որոնք զարգացնում են վերլուծական մտածողություն եւ պատրաստում ապագա մասնագետների։ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը հենց այդպիսի հարթակ է, որտեղ ձեւավորվում են վաղվա տեխնոլոգիական առաջնորդները»։

Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանն իր հերթին նշել է, որ մրցույթը հնարավորություն է տալիս բացահայտել ամենատաղանդավոր աշակերտներին ամբողջ երկրից.

«Այսպիսի մրցույթները մեզ հնարավորություն են տալիս տեսնել այն աշակերտներին, որոնք ունեն խորքային մաթեմատիկական մտածողություն։ Մենք համոզված ենք, որ նրանցից շատերը ապագայում կդառնան գիտության եւ տեխնոլոգիայի ոլորտի առաջատարներ»։

Կազմակերպիչների համոզմամբ՝ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը ոչ միայն գնահատում է աշակերտների գիտելիքները, այլեւ ձեւավորում է նոր, ժամանակակից մտածողություն,
որտեղ մաթեմատիկան դառնում է ապագայի հաջողության լեզու։

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 30-ին, որի արդյունքում հայտնի կդառնան այս տարվա հաղթող մասնակիցները։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 1027

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW