ԵՆԲ խումբը եւ Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին

08.05.2026 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՆԲ խումբ #Ամերիաբանկ

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) եւ Եվրոպական ներդրումային հիմնադրամը (ԵՆՀ), որոնք միասին ներկայացնում են ԵՆԲ խումբը, միավորում են ուժերն Ամերիաբանկի հետ՝ Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու համար։ 


Ամերիաբանկից հայտնում են, որ գործարքը մասնակի պորտֆելային երաշխիք է, որը թույլ կտա Ամերիաբանկին ձեւավորել մինչեւ €106.25 միլիոնի նոր վարկային պորտֆել՝ նպաստելով բիզնեսի աճին եւ տնտեսական կայունությանը։

Այս նոր նախաձեռնությունը հիմնված է ԵՆԲ-ի եւ Ամերիաբանկի միջեւ արդեն իսկ առկա գործընկերության վրա եւ հաստատությունների միջեւ երկրորդ ուղղակի գործարքն է։ Դրա նպատակն է բարելավել ֆինանսավորման հասանելիությունը հայկական ՄՓՄՁ-ների համար, մասնավորապես այն ձեռնարկությունների, որոնք դժվարությունների են հանդիպում մատչելի ֆինանսավորում ստանալու հարցում։

Ակնկալվում է, որ գործարքը կաջակցի շուրջ 900 ՄՓՄՁ-ի եւ կնպաստի ավելի քան 5000 աշխատատեղի պահպանմանն ամբողջ Հայաստանում՝ նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը եւ մասնավոր հատվածի աճին։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Երեւանում՝ Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանի եւ ԵՆԲ փոխնախագահ Կարլ Նեհամերի մասնակցությամբ։ Միջոցառմանը Եվրոպական միության անունից ելույթ է ունեցել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Փոքր բիզնեսները Հայաստանի տնտեսության հենասյունն են, եւ ֆինանսավորման հասանելիությունը կարող է վճռորոշ դեր ունենալ նրանց աճի համար։ Այս համաձայնագրի շնորհիվ մենք ձեռնարկատերերի համար ստեղծում ենք ներդրումներ կատարելու, ընդլայնվելու եւ ավելի կայուն բիզնես կառուցելու իրական հնարավորություններ։ Լավ գաղափարները չպետք է թղթի վրա մնան ֆինանսավորման պակասի պատճառով»,- ասել է ԵՆԲ փոխնախագահ, Հայաստանում ԵՆԲ գործունեությունը վերահսկող Կարլ Նեհամերը:
    
Երաշխիքը հնարավոր է դարձել Եվրոպական միության կողմից «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) երաշխիքային գործիքի շրջանակում տրամադրված ֆինանսական աջակցության շնորհիվ։ Այս նախաձեռնությունն իրականացվում է ԵՄ-ի ավելի մեծ ջանքերի շրջանակում, որոնք ուղղված են կայուն տնտեսական զարգացման խթանմանը, մրցունակության բարձրացմանը եւ Հայաստանում նորարարությանը աջակցելուն։

«Փոքր բիզնեսին աջակցելը նշանակում է աջակցություն աշխատատեղերի ստեղծմանը, նորարարությանը եւ երկարաժամկետ կայունությանը։ Ամերիաբանկի եւ ԵՆԲ խմբի այս գործընկերության միջոցով մենք օգնում ենք հայկական ընկերություններին, որպեսզի վերջիններս հասանելիություն ստանան առաջ շարժվելու, զարգանալու եւ նոր շուկաներ գտնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին։ Այսօր ստորագրված երաշխիքային համաձայնագիրը վերջերս ընդունված` ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգի ներքո մեր քաղաքական եւ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու իրական օրինակ է: Ռազմավարական օրակարգը վերահաստատում է Եվրոպական միության հանձնառությունը` աջակցելու Հայաստանին հասարակության կայունությունը եւ տնտեսական մրցունակությունն ամրապնդելու հարցում` երկու գործոն, որոնք անբաժանելի են մասնավոր ներդրումների եւ նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացներից»,- նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Փոքր բիզնեսին աջակցությունը ռազմավարական ուղղություն է Ամերիաբանկի համար։ Այս համագործակցությունը մեզ թույլ է տալիս ձեռք մեկնել ավելի շատ բիզնեսների, որոնք պատրաստ են աճել, բայց ճիշտ ֆինանսական աջակցության կարիքն ունեն։ Ընդլայնելով ֆինանսավորման հասանելիությունը՝ մենք կշարունակենք օգնել ձեռնարկատերերին կյանքի կոչել իրենց ծրագրերը, խթանել իրենց գործունեությունը եւ, ամենակարեւորը, ավելի ակտիվ ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման մեջ։ Մեր գործընկերությունն ուղղված է ամենակարեւոր ոլորտում առաջընթաց ապահովելուն»,- ասել է Ամերիաբանկի Ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը:

Դիտում՝ 6022

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW