Մեկնարկել է Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը

08.05.2026 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» (IRD Engineering) իտալական ընկերության միջեւ ստորագրվել է Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը, որով պաշտոնապես տրվել է ծրագրի մեկնարկը։ 


ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Հայաստանի համար ծրագրի ռազմավարական նշանակությունը․ «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնը պարզապես խոշոր ենթակառուցվածքային նախագիծ չէ․ այն կարեւոր քայլ է Հայաստանը տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դիրքավորելու ճանապարհին։ Ծրագիրը նաեւ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության գործնական արտացոլումն է, քանի որ այն դառնալու է տարածաշրջանային կայունության եւ տնտեսական համագործակցության ժամանակակից ու նորագույն տեխնիկայով հագեցած ենթակառուցվածք»։ 

«Ըստ միջոցառմանը ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչների, Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը կարեւոր ներդրում է տարածաշրջանային համագործակցության եւ առեւտրի դյուրացման, ինչպես նաեւ ենթակառուցվածքային զարգացման գործում։ 

Այս խոշոր նախաձեռնությամբ Հայաստանի հարավում կձեւավորվի նոր տնտեսական եւ լոգիստիկ հանգույց՝ միտված միջազգային բեռնափոխադրումների եւ մաքսային գործընթացների սպասարկման արդիականացմանը, ինչպես նաեւ ժամանակակից եւ թվայնացված մաքսային միջավայրի ձեւավորմանը»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է €14.4 մլն եւ ֆինանսավորվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային ու դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաեւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ 

Կենտրոնը կկառուցվի Սյունիքի մարզի Շաքի համայնքի հարակից տարածքում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին կից. նպատակն է դեպի հարավ իրականացվող բեռնափոխադրումների դյուրացմանը՝ ապահովելով մաքսային գործընթացների արագ եւ թվայնացված սպասարկում։ Նորաստեղծ կենտրոնը կգործի «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ բիզնեսին հնարավորություն տալով մեկ վայրում իրականացնել բոլոր անհրաժեշտ մաքսային գործընթացները՝ խնայելով ժամանակ եւ ռեսուրսներ, սահմանազատման գործընթացները կազմակերպել ավելի արագ։ Ծրագրով նախատեսվում է ներդնել ժամանակակից մաքսային եւ լոգիստիկ լուծումներ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական X-ray սկանավորման եւ զննման սարքավորումներ, բեռնատարների սպասարկման եւ կայանման գոտիներ, վարչական եւ օժանդակ ենթակառուցվածքներ, ինչպես նաեւ թվային կառավարման եւ էներգաարդյունավետ համակարգեր։ 

 Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2027 թվականին։ 
Դիտում՝ 1649

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW