Հայէկոնոմբանկը եւ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը (ՍԾԱԶԲ) ստորագրել են $20 միլիոնի վարկային նոր համաձայնագիր՝ խորացնելով իրենց բազմամյա համագործակցությունը: Բանկից հայտնել են, որ ներգրավված միջոցներն ուղղվելու են Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը եւ նրանց գործունեության ընդլայնմանը:«Այս ռեսուրսն ավելին է, քան պարզապես ֆինանսական գործիք. այն ռազմավարական ներդրում է Հայաստանի տնտեսական ապագայում: Հնարավորություն տալով Հայէկոնոմբանկին ընդլայնել ՓՄՁ-ների վարկավորումը՝ մենք օգնում ենք տեղական բիզնեսին զարգանալ ամուր հիմքերի վրա՝ խթանելով նորարարությունը, աջակցելով աշխատատեղերի ստեղծմանը եւ ամրապնդելով երկարաժամկետ տնտեսական դիմակայունությունը», - նշել է ՍԾԱԶԲ նախագահ Սերհատ Քյոքսալը՝ հավելելով, որ «այս նախաձեռնությունն ընդգծում է ավելի դինամիկ եւ ներառական տնտեսություն կերտելու ընդհանուր հանձնառությունը»:«Մեր շնորհակալությունն ենք հայտնում Հայէկոնոմբանկի եւ ՍԾԱԶԲ-ի միջեւ ձեւավորված ռազմավարական համագործակցության համար: Այս հինգերորդ համաձայնագիրը Հայէկոնոմբանկին թույլ կտա բավականին մարտահրավերային ժամանակաշրջանում ՓՄՁ-ներին տրամադրել երկարաժամկետ ֆինանսավորում՝ մրցակցային պայմաններով: Մենք երախտագիտությամբ ենք հիշում անցյալ տարի Երեւանում ՍԾԱԶԲ-ի կողմից կազմակերպված «Խթանելով տարածաշրջանային առաջընթացը» խորագրով բիզնես համաժողովը եւ դրա շրջանակում ստորագրված նախորդ վարկային համաձայնագիրը»,- ասել է Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանը:Հայէկոնոմբանկի եւ ՍԾԱԶԲ-ի համագործակցությունը սկսվել է 2007 թվականին: Մինչ օրս 5 վարկային համաձայնագիր է կնքվել՝ ընդհանուր $60 մլն ծավալով:Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 3044