Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ վեց ֆինանսական կառույցի միջեւ ստորագրվել է սինդիկացված վարկային պայմանագիր՝ խոշոր տեխնոլոգիական նախագծի ֆինանսավորման նպատակով։ Գործարքի շրջանակում առաջատար բանկերն ու ներդրումային կառույցները միավորվել են՝ Firebird AI ընկերությանը տրամադրելու $300 մլն ֆինանսավորում։Ծրագրի առաջին փուլի ընդհանուր ներդրման ծավալը կազմում է մոտ $450 մլն, որի զգալի մասը ապահովվում է վեց ֆինանսական կառույցի (Արդշինբանկ, Ակբա բանկ, Էվոկաբանկ, Ֆասթ Բանկ, C-Quadrat Ampega Asset Management Armenia եւ Amundi-ACBA Asset Management) համատեղ ֆինանսավորման միջոցով։ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհավորել է ներկաներին՝ նշելով, որ սա ներդրում է ոչ միայն Firebird AI ընկերության, այլեւ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի, նորարարության, գիտության եւ տնտեսության զարգացման մեջ։Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ այս նախագիծն ապահովում է կոնկրետ կիրառական արդյունքներ ՀՀ-ի համար՝ շնորհիվ ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների գործուն աջակցության, ընկերության հիմնադիրների գործադրած ջանքերի, ինչպես նաեւ հայաստանյան ֆինանսաբանկային համայնքի ներդրումների շնորհիվ։Ելույթներով հանդես են եկել նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը եւ սինդիկատի մասնակից բանկերի ներկայացուցիչները՝ կարեւորելով գործարքի նշանակությունը եւ ընդգծելով դրա դերը ֆինանսական շուկայի զարգացման եւ միջազգային համագործակցության ընդլայնման գործում։ Գործարքը սահմանում է նոր գործնական վարկավորման ձեւաչափ Հայաստանի ֆինանսական շուկայում՝ դառնալով ամենախոշորը թե՛ ֆինանսավորման ծավալով, թե՛ ներդրումների մասշտաբով։ Նախագծի նպատակն է Հայաստանում ստեղծել արհեստական բանականության ժամանակակից տվյալների կենտրոն՝ հիմնված NVIDIA ընկերության առաջատար տեխնոլոգիական լուծումների վրա։ Tweet Դիտում՝ 4529