«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը եւ «ՖԼԵՇ» ընկերությունը հուշագիր են ստորագրել

17.03.2026 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ /
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը եւ «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում ընկերությունն աջակցություն է ցուցաբերելու Լոռու մարզի դպրոցներում ուսուցիչների ներգրավման ծրագրին։

Աջակցությունը տրամադրվում է «Ազգակերտների դպրոցների հովանավորություն» ծրագրի շրջանակում, որի նպատակն է նպաստել Հայաստանի գյուղական եւ սահմանամերձ համայնքների դպրոցներում որակյալ կրթության հասանելիությանը։ Ծրագրի շրջանակում Լոռու մարզի մի շարք դպրոցներում կաշխատեն Ուսուցիչ-առաջնորդներ, որոնք ոչ միայն կդասավանդեն դպրոցներում, այլեւ կանցնեն շարունակական վերապատրաստում եւ կստանան մասնագիտական աջակցություն «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի կողմից։

«ՖԼԵՇ» ընկերությունը կարեւորում է կրթության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները եւ առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն ծրագրերին, որոնք նպաստում են համայնքներում կրթության որակի բարձրացմանը եւ երիտասարդների հնարավորությունների ընդլայնմանը։

«Ուրախ ենք, որ բիզնես համայնքի ներկայացուցիչները միանում են կրթության զարգացմանը միտված նախաձեռնություններին։ Այս համագործակցությունը հնարավորություն կտա աջակցել այն դպրոցներին, որտեղ ուսուցիչների կարիք կա, եւ միեւնույն ժամանակ համայնքների երեխաների համար ստեղծել զարգացման նոր հեռանկարներ», - ասել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյանը։

«Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանը նշել է. 

«Արժեքավոր կրթական ծրագրերին աջակցությունը մեզ համար պատասխանատվություն է ապագայի հանդեպ։ Կրթական նախաձեռնություններին աջակցությունը մեր ընկերության երեսնամյա պատմության ընթացքում միշտ է առանձնահատուկ տեղ է ունեցել, մենք խորապես հավատում ենք, որ կրթությունը փոխում է մարդկանց կյանքը, ձեւավորում է գիտակից սերունդ եւ բարձրացնում հասարակության որակը։ Այդ պատճառով նման նախաձեռնություններին աջակցելը մեզ համար ոչ միայն սոցիալական պատասխանատվության դրսեւորում է, այլեւ ռազմավարական, երկարաժամկետ ներդրում ապագայի մեջ՝ նոր հնարավորությունների ստեղծման, մարդկային ներուժի զարգացման եւ կայուն առաջընթացի ապահովման համար»:

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը շարունակելու է համագործակցել պետական, մասնավոր եւ հասարակական գործընկերների հետ՝ նպաստելու Հայաստանի յուրաքանչյուր երեխայի համար որակյալ կրթության հասանելիությանը։

«Ֆլեշ» ընկերության մասին

«Ֆլեշ» ընկերությունը շուրջ 30 տարի Հայաստանում վառելիք ներմուծող եւ վաճառող առաջատար ընկերություններից է։ Այսօր ընկերությունը  թեւակոխել է զարգացման նոր՝ Flash 3.0 փուլ, վերափոխվելով ճանապարհային ենթակառուցվածքներում ծառայություն մատուցող էկոհամակարգի։ Այս նոր փուլում ընկերության համար առաջնահերթ են նորարարությունը, բարձրորակ սպասարկումը եւ սոցիալական պատասխանատվությունը։

Այս համագործակցությունը Ֆլեշ 3.0 ռազմավարության կարեւոր ուղղություններից է՝ արտահայտելով ընկերության աջակցությունը կրթությանը եւ երկարաժամկետ արժեք ստեղծող նախաձեռնություններին։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի մասին

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն կրթական հիմնադրամ է, որը հանձնառու է կրթության բնագավառում համակարգային բարեփոխումների իրականացմանը: Իր բոլոր ծրագրերի միջոցով, հիմնադրամն աշխատում է 60,000 աշակերտի հետ ամբողջ Հայաստանում, ներազդելով հանրակրթական դպրոցների աշակերտների շուրջ 20%-ի վրա: Հիմնադրամի աշխատանքը կենտրոնացած է երեք ուղղությունների վրա՝ տաղանդների հոսքի ստեղծում հանրակրթական դպրոցներում, առաջնորդ շրջանավարտների ցանցի ձեւավորում՝ երկարաժամկետ ազդեցության համար, եւ համակարգային բարեփոխումներ:
Դիտում՝ 558

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW