2026 թվականի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել է՝ փետրվարին կազմելով 4.3%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 4․7%: Կենտրոնական բանկի հաղորդմամբ՝ 2026 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային տնտեսությունում եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա թուլացման ռիսկերը էականորեն ավելացել են։ «ԱՄՆ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները՝ կապված տեխնոլոգիական ոլորտի զարգացումների հետ, ինչպես նաեւ ֆինանսական ակտիվների գների հնարավոր ճշգրտման, աշխատաշուկայի պայմանների թուլացման եւ նավթի համաշխարհային գների կտրուկ աճի հետ կապված ռիսկերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջնաժամկետ աճի հեռանկարի վրա: ԱՄՆ-ի առեւտրային քաղաքականությունից բխող մակրոտնտեսական ազդեցությունները որոշակիորեն թուլացել են, այդուհանդերձ, այն մնում է անորոշության հիմնական աղբյուրներից մեկը: Միջնաժամկետում, կիրառվող մաքսատուրքերի հետագա հավաքագրման սահմանափակ հնարավորությունների հետ կապված, ԱՄՆ-ի պետական պարտքի ակնկալվող մեծացման պայմաններում երկարաժամկետ տոկոսադրույքների շուրջ անորոշությունն ավելացել է: Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերն աստիճանաբար առարկայանում են: Զուգահեռաբար, աշխարհաքաղաքական անորոշությունները, միջազգային առեւտրային հարաբերություններում լարվածությունը, ինչպես նաեւ համաշխարհային արժեշղթաների հնարավոր խաթարումների վերաբերյալ մտավախությունները համաշխարհային տնտեսությունում գների բարձր տատանողականության հիմնական աղբյուրն են: Նավթի համաշխարհային գները, Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման պայմաններում, կտրուկ աճ են արձանագրում, իսկ դրանց հեռանկարի շուրջ անորոշությունը էապես աճել է: Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի պահպանումը, իսկ մյուս կողմից՝ գնաճային միջավայրի ավելացման ռիսկերը, մեծանում է առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից առաջիկայում դրամավարկային պայմանների պահպանման կամ թուլացման հետաձգման հավանականությունը:2025 թվականի չորրորդ եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում զգալիորեն արագացել է: Բարձր տնտեսական աճին շարունակել են մեծապես նպաստել շինարարության եւ ծառայությունների, ինչպես նաեւ մշակող արդյունաբերության ճյուղերը: Պահանջարկի ընթացիկ պայմանների եւ դրա հետագա միտումների վերաբերյալ անորոշությունն էապես ավելացել է՝ պայմանավորված հատկապես տնտեսական աճի կառուցվածքային խնդիրների, ինչպես նաեւ հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնման ռիսկերի ավելացմամբ: Այս իրավիճակում, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, ինչպես նաեւ առկա են առաջարկի գործոններով պայմանավորված գնաճային ռիսկեր։ Զուգահեռաբար, մասնավոր աշխատավարձերի աճը, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճը եւ գնաճային սպասումները շարունակում են դրսեւորել հիմնականում կայունացման միտումներ: Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են, որ ԿԲ-ն փոքր-ինչ երկար կպահպանի տոկոսադրույքի ընթացիկ մակարդակը՝ միջնաժամկետ հորիզոնում նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը մինչեւ 6.25%:Քննարկված ռիսկերի եւ առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձեւավորման եւ հարկաբյուջետային քաղաքականության կողմից ընդլայնման ռիկսերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի եւ ՀՀ տնտեսության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը՝ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ 17.03.2026 | 12:06 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.50% Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար: Tweet Դիտում՝ 262