Ակբա բանկի եւ Երեւանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի։ Պուրակի բարեկարգումն Ակբա բանկի 30-ամյակի նվերն է Երեւանին:Բանկից հայտնել են, որ նախագծի նպատակն է այգին դարձնել հանգստի ու զբոսանքի լիարժեք վայր։ Առաջիկայում պուրակը կդառնա ավելի բարեկարգ, ժամանակակից ու կանաչապատ. կոնսերվատորիայի հարակից այգին կխոսի ու կպատմի վարդապետի ու նրա թողած ժառանգության մասին: Տարածքում կտնկվի ավելի քան 3000 բույս, որոնք կստեղծեն հարմարավետ եւ կանաչ միջավայր։ Կտեղադրվի կաթիլային ոռոգման համակարգ, կավելանան նոր զբոսուղիներ, կկառուցվի նաեւ փոքր բեմ՝ ամֆիթատրոնով, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել բացօթյա համերգներ։ «Այգին կվերաիմաստավորվի նոր բովանդակությամբ, միեւնույն ժամանակ առաջնային նպատակներից է պահպանել այգու արդեն ձեւավորված, բարձրահասակ ու հասուն ծառերը։ Նույնքան կարեւոր է պահպանել պուրակի պատմական կառուցվածքը։ Հուշարձանի շուրջ նախատեսում է ջրային տարր ավելացնել՝ որպես հարգանքի տուրք այն հայտնի պատկերին, որտեղ Կոմիտասը նստած է լճակի դիմաց», - ասվում է բանկի հաղորդագրությունում:«Ակբա բանկը նշում է 30-ամյակը. մի շարք միջոցառումներ են նախատեսվում, եւ սա Երեւանի հետ կապված մեր ամենամեծ միջոցառումներից մեկն է եւ մեր մեծ նվերն է լինելու քաղաքին։ Ուզում ենք, որ այս կանաչ անկյունը ավելի գրավիչ, ավելի ժամանակակից եւ ավելի սիրված վայր դառնա երեւանցիների ու հատկապես երեխաների, ուսանողների համար։ Նախագիծը իրականացվելու է ժամանակակից, բոլոր ստանդարտներին համապատասխան, հաշվի են առնվելու էկոլոգիական բոլոր պայմանները, կանաչ հատվածի պահպանումը, նաեւ նոր գեղարվեստական լուսավորման միջոցներ են լինելու»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։«Այս նախագիծը մենք իրականացնում ենք Ակբա բանկի գործընկերների հետ, եւ սա, կարելի է ասել, մատների վրա հաշված, բայց շատ կարեւոր նախաձեռնություններից մեկն է, որ եկել է մեր բանկային ոլորտից: Ակբա բանկը առաջարկեց իրականացնել նախագիծ այս այգում եւ նաեւ համաֆինանսավորել այգու վերակառուցումը։ Ըստ այդ նախագծի, կարծում եմ, սա քաղաքի սրտում ամենակարեւոր կանաչ տարածքներից մեկն է, ամենակարեւոր այգիներից մեկն է, որը վերադառնալու է քաղաքին արդեն նոր տեսքով, արդիականացված տեսքով։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնել պարոն Անդրեասյանին ակտիվ մասնակցության համար եւ կարծում եմ` սա շատ կարեւոր օրինակ է մասնավոր մեր գործընկերների համար, որ իրականում անկախ ոլորտից նաեւ շատ կարեւոր է սոցիալական պատասխանատվությունը։ Կարծում եմ` Ակբա բանկը սոցիալական պատասխանատվության առումով շատ մեծ դերակատարում ֆիքսեց քաղաքի նկատմամբ։ Եվ ես, եւ երեւանցիները, շատ շնորհակալ ենք ձեզ այդ մոտեցման համար»,- նշել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 330