ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում արծաթե նոր հուշադրամ

02.03.2026 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #արծաթե հուշադրամ
Մարտի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը:

Հրաչյա Աճառյան (1876–1953 թթ.)՝ ականավոր հայ լեզվաբան, բառարանագիր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1933 թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943 թ.):

Աճառյանը հեղինակել է շուրջ 200 գիտական աշխատություն, այդ թվում՝ «Հայ բարբառագիտություն» (1911 թ.), «Հայերենի արմատական բառարան» (1926–1935 թթ.), «Հայոց անձնանունների բառարան» (1942–1962 թթ.), «Հայոց լեզվի պատմություն» (1940–1945 թթ.), «Հայոց լեզվի լիակատար քերականություն» (1952–1971 թթ.) բազմահատոր ուսումնասիրությունները, որոնք արժեքավոր են ոչ միայն հայերենագիտության, այլեւ համաշխարհային լեզվաբանության համար:

Արծաթե հուշադրամի դիմերեսին Հրաչյա Աճառյանի հեղինակած «Հայերենի արմատական բառարան» գրքի շապիկն է եւ հատված Աճառյանի ձեռագրից: Դարձերեսին Հրաչյա Աճառյանի դիմապատկերն է՝ գրաֆիկական կատարմամբ, եւ ստորագրությունը:

Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես), Անի Աճառյանը՝ (դարձերես): Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Արծաթե հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, քաշը՝ 33.6գ, թողարկման քանակը՝ 300 հատ:
Դիտում՝ 305

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW