Հայաստանի վարչապեռ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Միացյալ Նահանգների ներդրումային միջավայրի ուշադրությունը լրացուցիչ հրավիրվում է Հայաստանում բացված եւ բացվող ներդրումային հնարավորությունների վրա»։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքները, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Գիտեմ, որ քննարկումներ կան թվերի հետ կապված: Շատ կարեւոր է արձանագրել, որ Միացյալ Նահանգների փոխնախագահն՝ այդ մեծ թվերի հրապարակումով, ցույց է տալիս Միացյալ Նահանգների մեծ քաղաքական կամքն աջակցելու Հայաստանում ներդրումներ իրականացնելու: Այդ մեծ թվերը պետք է կոնկրետացվեն եւ դարձվեն կոնկրետ նախագծեր: Հայաստան մեծ դրամական ներհոսքեր են տեղի ունենալու, եւ ցանկացած երկիր միշտ ցանկանում է, որ գումարներ գան դրսից եւ տեղում կրկնապատկվեն, եռապատկվեն, քառապատկվեն: Բայց շատ կարեւոր է նաեւ արձանագրել, որ մի միավոր ներդրումը որոշակի ոլորտներում բերում է եւս երկու միավոր, տեղ-տեղ երեք միավոր, տեղ-տեղ չորս միավոր ներդրում: Մենք խոսում ենք ներդրումային նոր էկոհամակարգի ձեւավորման մասին, որովհետեւ երկաթուղին՝ երկաթուղի, բայց դա միայն ռելսը չէ, դա նաեւ կողքի սպասարկումն է, այլ ծառայություններն են, բարձր գերժամանակակից սարքավորումներն են եւ այլն, եւ այդպես շարունակ, էլ չեմ ասում՝ ուղեւորների, ապրանքների, ծառայությունների հոսքի սպասարկումը: Կենտրոնացած ենք երկաթուղու վրա, բայց մենք խոսում ենք նոր էլեկտրահաղորդման գծերի, նոր խողովակաշարերի մասին, մալուխների մասին, որը շատ կարեւոր է: Եկեք այդ մալուխները միացնենք Հրազդանում կառուցվող նոր սուպերհամակարգչային կենտրոնի հետ, որն արհեստական բանականության ոլորտում տարածաշրջանային եւ միջազգային ծառայություններ է մատուցելու, այս ամեն ինչը զուգորդենք զբոսաշրջային հոսքերի հետ եւ այլն, եւ մենք կտեսնենք, այսինքն՝ այստեղ ներդրումը բերում է ներդրում»: Tweet Դիտում՝ 464