ԿԲ-ն պարզաբանել է կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող կանոնակարգերը

24.01.2026 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ /
Կենտրոնական բանկն այսօր հանդես է եղել հաղորդագրությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ. 

«Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունվարի 21-ին հրապարակվել են և հունվարի 31-ին ուժի մեջ կմտնեն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը կարգավորող առաջին կանոնակարգերի փաթեթը․

1.    լիցենզավորումը (թույլտվությունը) ու նշանակալից մասնակցության ձեռքբերումը կարգավորող Կանոնակարգ 7/01-ը
2.    ընդհանուր կապիտալի նկատմամբ նվազագույն պահանջները սահմանող Կանոնակարգ 7/02-ը, 
3.    ղեկավարների գրանցումը կարգավորող Կանոնակարգ 7/05-ը։ 
4.    կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը կարգավորող Կանոնակարգ 7/04-ը

Իրավաբանական անձինք ՀՀ տարածքում կարող են մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ միայն Կենտրոնական բանկի կողմից գրանցման և լիցենզավորման դեպքում։ Լիցենզավորումը ենթադրում է առնվազն իրավաբանական անձի գրանցում Կենտրոնական բանկում, որոշակի կապիտալի պահանջի բավարարում՝ կախված ծառայության տեսակից, ներքին կանոնակարգերի առկայություն և ղեկավարների գրանցման գործընթաց։

Այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ (04/07/2025թ․) ՀՀ տարածքում մատուցել են կրիպտոակտիվներով ծառայություններ, վերոնշված կանոնակարգերն ուժի մեջ մտնելու օրվանից (31/01/2026թ․) սկսած մեկ տարվա ընթացքում պետք է գրանցվեն և լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ, հակառակ դեպքում պետք է դադարեցնեն այդ ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը: Սույն մոտեցումը տարածվում է նաև այն իրավաբանական անձանց վրա, որոնք «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերակազմակերպվել են միայն կազմակերպական-իրավական ձևի փոփոխմամբ։

Բացի այդ, այն թողարկողները կամ տեղաբաշխողները, որոնք մինչև կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը կարգավորող Կանոնակարգ 7/04-ի ուժի մեջ մտնելը ՀՀ տարածքում հրապարակային առաջարկով վաճառել են կրիպտոակտիվներ, պետք է Կանոնակարգ 7/04-ն ուժի մեջ մտնելու օրվանից (31/01/2026թ․) սկսած երեք ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան երրորդ ամսվա վերջին օրը հրապարակեն և Կենտրոնական բանկ ներկայացնեն կանոնակարգի պահանջներին բավարարող առաջարկի փաստաթուղթ (եթե այդ կրիպտոակտիվները դեռևս շրջանառվում են և օրենսդրությամբ դրանց համար առաջարկի փաստաթղթի հրապարակման պահանջից բացառություններ սահմանված չեն)»։
Դիտում՝ 450
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW