Հուլիսի 4-ից ուժի մեջ մտած «Կրիպտոակտիվների մասին» օրենքի համաձայն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը ենթակա է լիցենզավորման ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ԿԲ-ից հայտնել են, որ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց լիցենզավորումը կարգավորող ենթաօրենսդրական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո (Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունել է այդ ակտերը 30.12.2025թ, որոնք ուժի մեջ կմտնեն դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը)՝ մեկ տարվա ընթացքում, վերը նշված իրավաբանական անձինք պետք է գրանցվեն եւ լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ (եթե ցանկանում են շարունակել այդ ծառայությունների մատուցումը), իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ կարող են շարունակել կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը մեկ տարի, որից հետո պետք է դադարեցնեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը։Այլ անձինք (որոնք օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չեն մատուցել նման ծառայություններ) կարող են ՀՀ տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցել միայն ԿԲ կողմից գրանցման եւ լիցենզավորման (թույլտվության ստացման) դեպքում։Միեւնույն ժամանակ, ԱԺ կողմից 17.12.2025թ․ ընդունված օրենքներով փոփոխություններ են կատարվել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում (ուժի մեջ է մտել 01.01.2026թ) եւ «Կրիպտոակտիվների մասին» օրենքում (ուժի մեջ է մտել 30.12.2025թ)։ Դրանցով նախատեսվել է որոշակի պայմանների բավարարման դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց հետ կամ միջոցով կրիպտոակտիվներով առուվաճառքի գործարքների՝ կանխիկ եղանակով իրականացման հնարավորություն։ Մասնավորապես, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող այն անձինք, որոնք մինչեւ 2026թ. հունվարի 31-ը կդիմեն Կենտրոնական բանկ, ներկայացնելով հիմնավորումներ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելու օրը (04.07.2025թ.) կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը հավաստելու մասին, կներառվեն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների համար Կենտրոնական բանկի կողմից վարվող ցանկում (Ցանկ), եւ այդ պահից իրավունք կստանան իրականացնել կանխիկ գործարքներ։ Ընդ որում, կանխիկ գործարքները կարող են իրականացվել միայն 300 հազար ՀՀ դրամը չգերազանցող գումարով եւ պայմանով, որ անկախ գործարքի գումարից՝ ծառայություններ մատուցող անձն իրականացնում է հաճախորդի նույնականացում եւ ինքնության ստուգում, ինչպես նաեւ վարում է գործարքի էական պայմանների վերաբերյալ պատշաճ գրառումներ։Կենտրոնական բանկն իրականացնելու է կրիպտոակտիվներով կանխիկ գործարքների իրականացման համար սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն (այդ թվում՝ ստուգումներ):Կենտրոնական բանկ դիմելու եւ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների համար Կենտրոնական բանկի կողմից վարվող ցանկում ներառվելու գործընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր նախատեսում են իրականացնել կրիպտոակտիվներով գործարքներ կանխիկ եղանակով։ Միեւնույն ժամանակ, Կենտրոնական բանկը հորդորում է բոլոր այն անձանց, որոնք 04.07.2025թ. դրությամբ մատուցել են կրիպտոակտիվներով ծառայություններ (անկախ այն հանգամանքից՝ գործարքները իրականացվելու են կանխիկ, թե անկանխիկ եղանակով), սահմանված կարգով դիմել Կենտրոնական բանկ։ Կենտրոնական բանկը կարող է հրապարակել Ցանկն իր կայքում։Կենտրոնական բանկին դիմելու համար պետք է օրենքով սահմանված տեղեկությունները եւ հիմնավորումները ներկայացնել secretariat@cba.am էլեկտրոնային փոստի հասցեին (դիմումի ձեւ)։Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կսահմանի մանրամասն պահանջներ կրիպտոակտիվներով գործարքների վերաբերյալ գրանցումների (գրառումների) կատարման, դրանց պահպանման, ինչպես նաեւ Կենտրոնական բանկին տեղեկությունների ներկայացման վերաբերյալ։Ծանոթացեք համապատասխան կարգավորումների նախագծին եւ հավելվածին: Tweet Դիտում՝ 989