MicroFinanza Rating (MFR) անկախ միջազգային վարկանիշային ընկերությունը (Իտալիա) «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ին շնորհել է Հաճախորդների պաշտպանության սերտիֆիկացման ՈՍԿԵ մակարդակ (Client Protection Certification – GOLD) եւ Սոցիալական ու բնապահպանական (ESG) sBB+ գնահատական:Վարկանշավորմանը նախորդել են կազմակերպության վեցամսյա խորացված ուսումնասիրության եւ գնահատման աշխատանքներ՝ ներառելով բոլոր հիմնական գործընթացների վերլուծությունը։ Գնահատումն իրականացվել է ինչպես կենտրոնական գրասենյակում, այնպես էլ տարածաշրջանային մասնաճյուղերում՝ աշխատակիցների եւ հաճախորդների հետ տեղում հարցազրույցների, փաստաթղթերի ուսումնասիրության եւ վարկային գործընթացների դիտարկման միջոցով։Հաճախորդների պաշտպանության սերտիֆիկացման ՈՍԿԵ մակարդակը փաստում է, որ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն իր գործունեության հիմքում դնում է հաճախորդի իրավունքների պաշտպանությունը, իսկ sBB+ սոցիալական եւ բնապահպանական գնահատականը, իր հերթին, վկայում է, որ կազմակերպությունը համակարգված կերպով կառավարում է սոցիալական եւ բնապահպանական ռիսկերը, նպաստում է գյուղական համայնքների կայուն զարգացմանը եւ դրական ազդեցություն է թողնում իր վարկառու ֆերմերների ու փոքր բիզնեսների վրա։«Այս միջազգային գնահատականները եւս մեկ անգամ հաստատում են «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի երկարաժամկետ հանձնառությունը ապահովելու պատասխանատու ֆինանսավորում՝ պաշտպանելով հաճախորդների իրավունքները եւ նպաստելով Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն Հայաստանում գործող միակ կոոպերատիվ վարկային կառույցն է, որն իր գործունեությունը հիմնականում ծավալում է ՀՀ մարզերում՝ տրամադրելով տնտեսության բացառապես իրական հատվածի ֆինանսավորման վարկեր։ Կոոպերատիվը հիմնադրվել է 2007 թվականին 57 ֆերմերների կողմից եւ այսօր միավորում է ավելի քան 12000 անդամ-փայատերերի՝ օգնելով նրանց ընդլայնել իրենց տնտեսությունները: MFR-ը տրամադրում է անկախ վարկանիշներ եւ հավաստագրեր՝ նպատակ ունենալով բարձրացնել թափանցիկությունը, դյուրացնել պատասխանատու ներդրումները եւ խթանել ֆինանսական հատվածի պատասխանատու գործելակերպն ամբողջ աշխարհում։ Tweet Դիտում՝ 586