Ժպիտ, ջերմություն եւ տոն․ ԱրարատԲանկի ֆինանսական աջակցության շնորհիվ «Յոլյան» արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնում «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի արտիստները հանդես են եկել «Կարմիր քթի արկածները» զվարճալի ներկայացմամբ՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների, նրանց ծնողների եւ բուժանձնակազմի համար։ Ալմա Լավան եւ Սատուրնինոն շվեյցարական La Temeraria թատերական ընկերության ծաղրածուներն են։ Նրանք մասնագիտացված են հոսպիտալացված երեխաների համար ելույթ ունենալու մեջ, եւ սենյակից-սենյակ շրջելով, ժպիտներ պարգեւեցին կյանքի դժվարին փուլում գտնվող փոքրիկներին։ «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի կազմակերպիչներն են «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը եւ ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը։Հոկտեմբերի 22 -ին մեկնարկած եւ շուրջ երկու շաբաթ տեւած «Թէատրոն» փառատոնը ԱրարատԲանկի հետ համատեղ նախաձեռնել է սոցիալական պատասխանատվության միջոցառումների շարք ոչ միայն Երեւանում, այլեւ Գորիսում՝ մասնակիցներին նվիրելով բազմաթիվ անմոռաց պահեր։ «Սոցիալական պատասխանատվությունը եւ հատկապես մշակութային տարբեր նախաձեռնությունների միջոցով սոցիալական կարեւոր խնդիրների վերհանումը եւ դրանց հասցեագրումը միշտ եղել են ԱրարատԲանկի գործունեության առանցքում։ Առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար այս փոքրիկ ներկայացումը շատ ենք կարեւորում, մենք վստահ ենք, որ կատարողական արվեստն ունի բուժիչ ուժ եւ նաեւ հավատացած ենք, որ այս ներկայացումից հետո երեխաների մոտ դրական տեղաշարժ կլինի»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։«Մեզ համար, իբրեւ փառատոնի կազմակերպիչների, սոցիալական բաղադրիչը շատ կարեւոր է։ Ինչպես բազմիցս նշել ենք, շատ կարեւոր է, որ երբեմն մշակույթը գնա այնտեղ, որտեղ հանդիսատեսն այդ պահին չունի միջոցառումն այցելելու հնարավորություն։ «Թէատրոն» կատարողական արվեստների փառատոնն ունի բազմաթիվ գործընկերներ թե՛ Հայաստանից, եւ թե՛ Ֆրանսիայից, սակայն առանձնակի ուզում եմ նշել ԱրարատԲանկի հետ մեր համագործակցությունը եւ բանկի աջակցությունը՝ իբրեւ մասնավոր կառույցի, որը միանգամից դրական արձագանքեց մեր առաջարկին», - ասել է «Թէատրոն» փառատոնի համահիմնադիր-տնօրեն Սաթէ Խաչատրյանը։ Հիվանդասենյակներում տարբեր տարիքի երեխաներ են, յուրաքանչյուրն՝ իր պատմությամբ։ Արտիստները սենյակ են մտնում զգուշորեն․ փոքրիկներից մեկը քնած է, մյուսը կարդում է, երրորդն էլ լայն բացած աչքերով դիտում է նրանց խաղը։ Ամենափոքրիկ հիվանդի համար ծաղրածուները մեղմորեն երգում են, ընթերցողի հետ` չարաճճի հայացքներով փոխանակվում:«Մանկական քաղցկեղի բուժման ընթացքում երեխաները, նրանց ծնողները եւ ընտանիքները բախվում են բազմաթիվ հոգեբանական խնդիրների, որոնք անհաղթահարելի կլինեին, եթե նմանօրինակ միջոցառումներ չլինեին։ Դրանք շատ կարեւոր են, քանի որ երեխաները, երբ նույնիսկ տխուր են լինում կամ ինչ-որ ընթացակարգերից հետո ունեն ցածր տրամադրություն, շատ կարեւոր է նրանց տրամադրությունը բարձրացնել, այդ պահին ծնողին աջակցել», - փառատոնի շրջանակում արտիստների այցը երեխաներին՝ կարեւորում է «Յոլյան» արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի հոգեբան Վերջինյա Բարսեղյանը։ «Ծաղրածուները հեռանում են` հիվանդասենյակում թողնելով ժպիտներ ու ջերմություն: Սա է այն առաքելությունը, որն ունեն հոսպիտալացված երեխաների համար մասնագիտացված ծաղրածուները: ԱրարատԲանկը հավատում է, որ յուրաքանչյուր փոքրիկ արժանի է մանկության լույսին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 2785