Պետական եկամուտների կոմիտեի եւ «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության հետ համագործակցությամբ՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ, հոկտեմբերի 30-ին մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման նոր ծրագիրը։ ՊԵԿ-ից հայտնել են, որ նախաձեռնության նպատակն է Արցախից տեղահանված քաղաքացիներին աջակցել՝ ինտեգրվելու Հայաստանի աշխատաշուկային եւ ձեռք բերելու անհրաժեշտ մասնագիտական հմտություններ։ Ծրագրի շրջանակում շուրջ 150 մասնակից հնարավորություն կունենա զարգացնել անգլերենի իմացությունն ու ձեռք բերել թվային հմտություններ, որոնք անհրաժեշտ են մաքսային եւ լոգիստիկայի ոլորտներում պետական եւ մասնավոր հատվածներում աշխատելու համար։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը կարեւորել է ծրագրի մեկնարկը՝ ընդգծելով դրա նշանակությունը տեղահանվածների աջակցման գործընթացում․ «Ծրագրի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղափոխված գործընկերներին՝ աշխատանքի շուկա վերաինտեգրման եւ հանրային ծառայության համակարգում արդյունավետ ներգրավման գործում։ ՊԵԿ ուսումնական կենտրոնը մշտապես կարեւորել է մեր աշխատակիցների եւ գործընկերների շարունակական մասնագիտական զարգացումը, եւ այսօր «Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քաղաքացիների հմտությունների զարգացման նախաձեռնության» օգնությամբ այդ ջանքերն ուղղվում են նաեւ այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ ծառայել են Լեռնային Ղարաբաղում՝ լինելով ՊԵԿ ընտանիքի եւ, ընդհանրապես, հանրային ծառայության անբաժանելի մաս։ Այս նախաձեռնությամբ մենք ներդրում ենք կատարում ոչ միայն մասնագիտական կարողությունների ամրապնդման, այլ համագործակցության, փոխօգնության եւ ներառականության մշակույթի ձեւավորման գործում»։ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի խոսքով՝ նախագիծը արտացոլում է ՎԶԵԲ-ի մոտեցումը փախստականների աշխատաշուկայի ինտեգրման հարցում․ «Հայաստանի փախստականների արձագանքման ծրագրի միջոցով նպատակ ունենք պահպանել եւ վերականգնել փախստականների տնտեսական բարեկեցությունը։ Նպատակն է ապահովել թիրախային ուսուցում փախստականների համար եւ այդ ջանքերը համապատասխանեցնել գործատուների եւ աշխատաշուկայի պահանջներին՝ բարձրացնելով նրանց զբաղվածության եւ հմտությունների կարողությունները»:Միջոցառման ընթացքում «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերությունը ներկայացրել է շահառուների կարիքների գնահատման մոտեցումները ՝ անդրադառնալով Հայաստանի մաքսային եւ լոգիստիկայի ոլորտներում հնարավոր զբաղվածության ուղղություններին։ Գնահատման արդյունքներով ձեւավորվելու է տեղահանված մասնագետների հմտությունների վերաբերյալ ընդհանուր պատկերը։ Tweet Դիտում՝ 1466