Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Պեկինում անցկացված երկու խոշոր միջոցառումներին` 32-րդ China International Advertising Festival (CIAF)-ին եւ AdAsia Beijing 2025-ին: Միջոցառումներին Հայաստանը ներկայացրել է Հայաստանի գովազդային խորհրդի կոորդինատոր, PR մասնագետ Ռոզա Գրիգորյանը։ Մասնակցության նպատակն էր ամրացնել միջազգային համագործակցությունները եւ հնարավորություն ընձեռել ոլորտի մասնագետներին միանալ համաշխարհային գովազդային համայնքում ընթացող զարգացումներին։ Մրցակցային ծրագրում եւ քննարկումներում կենտրոնական տեղ են ունեցել արհեստական բանականության դերը գովազդային եւ հաղորդակցական ոլորտներում, նորարարական գործիքներն ու դրանց ազդեցությունը բիզնեսի աճի վրա։ Անցկացվել են նաեւ քննարկումներ, որոնք վերաբերում էին ստեղծարար արդյունաբերության զարգացմանը եւ միջազգային շուկաների հետ փոխգործակցությանը։AdAsia համաժողովը հիմնադրվել է 1958 թվականին Ճապոնիայում՝ Dentsu Inc.-ի նախագահ Հիդեո Յոշիդայի նախաձեռնությամբ։ AdAsia-ն Ասիայի խոշորագույն մարքեթինգային ու գովազդային հարթակներից է, որին մասնակցում են խոսնակներ աշխարհի տարբեր երկրներից ու ներկայացնում իրենց ոլորտային փորձը։ Ամեն տարվա թեման որոշում է հյուրընկալող երկիրը՝ հաշվի առնելով ոլորտային արդիական միտումները։ «CIAF 2025-ը ոչ միայն ստեղծարարության տոն է, այլ նաեւ միջազգային բիզնեսների համար հնարավորություն՝ հասկանալու Չինաստանի շուկայի առանձնահատկությունները եւ մուտքային ռազմավարությունները։ Միջոցառման շրջանակում մասնակիցներին տրամադրվում են տարբեր հնարավորություններ՝ հաստատելու կապեր, ինչպես նաեւ մասնակցելու ոլորտի առաջատար մասնագետների կողմից ներկայացվող վարպետաց դասերին եւ բանախոսություններին։ Միաժամանակ կազմակերպվում են մասնագիտական ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են ոլորտի լավագույն նախագծերն ու տաղանդները»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 1442