Ամփոփվել են Koreez-Telcell բլից մրցույթների արդյունքները

27.09.2025 | 09:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Telcell
Ամփոփվել են Koreez-Telcell մաթեմատիկական բլից մրցույթների արդյունքները: 

Մրցույթի երեք փուլերից յուրաքանչյուրի լավագույն 10 մասնակիցները ստացել են իրենց մրցանակները: 

Տարեսկզբին Telcell ընկերությունը, Koreez կրթական ծրագիրը և Ա.Շահինյանի անվան Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը համախմբել էին ուժերը՝ խթանելու սերը մաթեմատիկայի նկատմամբ:

«Մշտապես՝ մեր ամբողջ պատմության ընթացքում, կարևորել ենք կրթության դերը, նաև այն նախագծերը, որոնք նպաստում են կրթության զարգացմանը: Ուստի չէինք կարող անմասն մնալ այս նախաձեռնությունից: Կարևորում ենք ոչ միայն Telcell–ի, այլ նաև ընդհանրապես մեր պետության զարգացման և ապագայի համար կրթության դերը: Հատկապես դպրոցական կրթությունը շատ խիստ կարևոր նշանակություն ունի: Որակյալ կրթությունն ապահովելու է նաև ապագայում որակյալ մասնագետների առկայությունը մեր տարբեր-տարբեր օղակներում՝ սկսած պետական կառավարման ինստիտուտներից, վերջացրած մասնավոր ընկերություններով»,- ասել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

Որպես տեխնոլոգիական առաջատար ընկերության ղեկավար՝ Արտյոմ Ղազարյանը փաստել է՝ լավ մասնագետների կարիք մշտապես կա: Թե մասնավոր հատվածը, թե ընդհանրապես տնտեսության տարբեր ճյուղեր նրանց անհրաժեշտությունը զգում են: Իսկ դրա համար կարևոր նախապայման է որակյալ կրթությունը: Կարևորելով առհասարակ կրթության դերը՝ տեխնոլոգիական ընկերությունը խթանում է հատկապես ճշգրիտ գիտության նկատմամբ սերը: 

«Մենք՝ որպես տեխնոլոգիական ընկերություն, նպաստում ենք հենց մաթեմատիկական ուղղվածության զարգացմանը: Բայց բացի այդ ամեն ինչից՝ մաթեմատիկան հանդիսանում է հիմքն այն մնացած բոլոր գիտությունների, որի վրա հիմնվելով մարդիկ տարբեր այլ մասնագիտություններ կարող են ձեռք բերել»,– նշել է Telcell-ի գլխավոր տնօրենը:



Մաթեմատիկայի նկատմամբ սեր խթանելու նպատակով տարեսկզբից մեկնարկել էին տարբեր մրցույթներ: 

Առաջինը «Koreez-Telcell–Ֆիզմաթ» մաթեմատիկական մեծ մրցույթն էր, որին մասնակցեցին տասնյակ հազարավոր աշակերտներ: Տարվա ընթացքում անցկացվել են նաև բլից մրցույթներ, երեխաները սմարթֆոններով որոշակի քանակությամբ խնդիրներ են լուծել ու խորացրել մաթեմատիկական  գիտելիքներ: 

«Մենք խորապես համոզված ենք, որ մաթեմատիկան պարզապես թվեր չեն: Դա մեր կյանքի ամբողջ ճանապարհն ուղղորդող գիտելիք է, որն օգնում է մեզ մեր ամենօրյա խնդիրները լուծելուն, զարգացնում է քննադատողական մտածելակերպ, զարգացնում է ընդհանուր մտածելակերպ երեխաների մոտ: Եվ մեր գլխավոր առաքելությունը դարձավ՝ կարողանալ տասնյակ հազարավոր աշակերտների ցույց տալ, որ նրանք էլ կարող են, նրանց մոտ էլ կստացվի «Մաթեմատիկա» առարկան և ընդհանրապես սեր խթանել ու սերմանել «Մաթեմատիկա» առարկայի շրջանակներում»,– ասել է «Կորիզ կրթական շարժման» հիմնադիր Սուրեն Ալոյանը:

Երեք բլից մրցույթների արդյունքում մասնակից ավելի քան 7000 աշակերտներից ձևավորվել էին լավագույն տասնյակները՝ յուրաքանչյուր տարիքային խմբից: Մրցանակները բազմազան էին՝ խրախուսական նվերներ, պլանշետներ, նվեր քարտեր ու անլար ականջակալներ: Իսկ գլխավորը՝ նրանք ստացան հրավիրատոմս՝ հոկտեմբերի 5-ին կայանալիք Հայաստանի ամենամեծ կրթական շոու-մրցանակաբաշխությանը՝ Koreez2025-ին։
Դիտում՝ 1365
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW