Փաշինյանն ասել է, որ Հայաստանը կշարունակի համագործակցել ԱԷՄԳ-ի հետ՝ նոր էներգաբլոկի հարցում

26.09.2025 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Փաշինյան #ԱԷԿ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 30%-ն արտադրվում է Հայկական ատոմակայանի կողմից»:

«Հայկական ատոմակայանի անվտանգ գործունեությունը ՀՀ Կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է: Այն կենտրոնական դեր է խաղում մեր էներգետիկ անվտանգության ապահովման, Փարիզի համաձայնագրի շրջանակներում մեր Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (NDCs) կատարման եւ ազգային տնտեսական աճի աջակցման գործում:

Միեւնույն ժամանակ, միջուկային էներգետիկայի ռազմավարական նշանակությունը հատուկ պատասխանատվություն է դնում մեզ վրա ներկա եւ ապագա սերունդների առջեւ։ Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ընթացքում պահպանվեն անվտանգության ամենաբարձր չափանիշները։ 

Մենք պարբերաբար անցկացնում ենք տեսչական եւ փորձագիտական գնահատման առաքելություններ, որոնց զեկույցները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանը շահագործում է ԱԷԿ-ը ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշներին համապատասխան, ինչի մասին է վկայում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որեւէ միջադեպի բացակայությունը»,- Մոսկվայում «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովի ժամանակ ասել է նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին տարիներին ատոմակայանում իրականացվել են  լայնածավալ արդիականացման ծրագրեր. 

«Այս փորձի հիման վրա, Հայաստանը, ինչպես շատ այլ երկրներ, որոշել է երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչեւ 2036 թվականը։ Հայկական ատոմակայանի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը պարզապես տեխնիկական խնդիր չէ, այլ՝ Հայաստանի, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի եւ այլ միջազգային գործընկերների միջեւ արդյունավետ եւ վստահելի գործընկերության արդյունք։

Այս երկարաձգումն ամուր հիմք կստեղծի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ավարտից հետո նոր էներգաբլոկի շահագործմանը սահուն անցում կատարելու համար, ինչը մեր վերջնական նպատակն է։ Այս համատեքստում Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել սերտ համագործակցությունն ԱԷՄԳ-ի եւ այլ գործընկեր երկրների հետ՝ գործող էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար՝ հաշվի առնելով տնտեսական արդյունավետությունը, անվտանգությունը, ինչպես նաեւ երկրի էներգետիկ համակարգի առանձնահատկություններն ու բնույթը։ Շահագործման հանձնվող նոր էներգետիկ օբյեկտները կդառնան տարածաշրջանային զարգացման կարեւոր գործոն»:
 
Դիտում՝ 1944
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW