Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում այսօր կայացել է Աշխատանքի տոնավաճառը՝ գործատուների հետ անմիջական շփման եւ աշխատաշուկային ինտեգրման կարեւոր հարթակ դառնալով ուսանողների, շրջանավարտների եւ աշխատանք փնտրողների համար։Համալսարանից հայտնել են, որ տոնավաճառին մասնակցել է պետական եւ մասնավոր հատվածի ավելի քան 60 առաջատար գործատու՝ նախարարություններ, պետական կառույցներ, բանկեր, ապահովագրական եւ վարկային կազմակերպություններ, կրթական, հաշվապահական, աուդիտորական, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտներ ներկայացնող ընկերություններ։ Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցել է ավելի քան 5000 աշխատանք փնտրող՝ ծանոթանալով աշխատաշուկայի հնարավորություններին եւ անմիջական շփում ունենալով գործատուների հետ։Տոնավաճառին ներկա ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը շրջել է տաղավարներով, հանդիպել է գործատուների եւ ուսանողների հետ, ծանոթացել թափուր հաստիքներին եւ փորձառության առաջարկներին։ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ուսանողներին է ներկայացրել աշխատանքի անցնելու իր համակարգը։ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության ավագ մասնագետ Արփինե Եղիազարյանը նշել է, որ հարկային եւ մաքսային ծառայությունների ոլորտում աշխատելու համար կոմիտեն կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ։ Դրանց ավարտին շնորհված հավաստագիրը հիմք է ծառայում դիմելու ՊԵԿ-ում առկա թափուր հաստիքների մրցույթին։Ինեկոբանկի աշխատակից Նանե Հովսեփյանի խոսքով՝ այսօր տոնավաճառ բերված թափուր հաստիքների շարքում պահանջվում են ֆինանսական խորհրդատու եւ գանձապահ, ինչպես նաեւ ներկայացվում են փորձառության գրավիչ առաջարկներ։«Աշխատանքի տոնավաճառը ոչ միայն հնարավորություն տվեց դիմելու կոնկրետ աշխատատեղերի համար, ծանոթանալու գործատուների առաջարկներին, այլեւ օգնեց հասկանալ, թե մասնագիտական զարգացման եւ մրցակցության հաղթահարման ճանապարհին ինչ գիտելիքով եւ հմտություններով է անհրաժեշտ զինվել։Այսպիսով, տոնավաճառը եւս մեկ անգամ հաստատեց իր նշանակությունը որպես կամուրջ դեպի աշխատաշուկա»,- ասվում է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2666