Աշխատանք` հատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդների համար

16.09.2025 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Արվեստարան» #«Ստեփան Գիշյան»
«Արվեստարան» կրթամշակութային կենտրոնում հատուկ խնամքի կարիք ունեցող չորս երիտասարդ արդեն մի քանի ամիս ակտիվ ներգրավված է «Լոշիկ» սոցիալական  ձեռնարկատիրական ծրագրում։ Ծրագրի շնորհիվ նրանք պատրաստում են լոշեր,  նրբաբլիթներ, չորահացեր ու լանչ բոքսեր, որոնք հետագայում վաճառվում են սուպերմարկետներում եւ սրճարաններում` աշխատանքով ապահովելով ոչ միայն երիտասարդներին, այլեւ նրանց ծնողներին։

«Արվեստարան» կրթամշակութային կենտրոնը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի հաղթողներից է։ Ծրագրի շնորհիվ վերազինվել է խոհանոցը՝ հնարավորություն տալով երիտասարդներին ընդլայնել արտադրական ծավալներն ու ապահովել ավելի շատ վաճառքներ: 

««Արվեստարան» ՀԿ–ն սոցիալական կարեւոր խնդիր է լուծում: Նման   կազմակերպությունները քիչ են, որոնք հաշվի են առնում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների՝ հասարակության մեջ ինտեգրվելու կարեւորությունը, առավել եւս` աշխատանքային պրոցեսում ինտեգրվելու կարեւորությունը։ Իսկ նման  կազմակերպությունները, ինչպիսին է «Արվեստարանը», շատ կարեւոր քայլ է ձեռնարկել այս ուղղությամբ»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։ 

«Սկզբում դժվարությունները շատ էին. շատ դժվար էր հմտություն փոխանցելը, բայց հիմա արդեն տղաները բավականին մեծ ինքնուրույնություն ունեն։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի միջոցով մենք կարողացանք մի մեծ քայլ առաջ գնալ, որովհետեւ մենք չունեինք համապատասխան սարքավորումներ, որպեսզի կարողանայինք այդ պրոդուկտները ստանալ եւ ամեն ինչը ձեռքով էինք պատրաստում։ Նմանատիպ աջակցությունները մեզ շատ-շատ մեծ թեւեր են տալիս ու մենք էլ սկսում ենք մեծ ոգեւորությամբ առաջ գնալ»,- ասել է «Արվեստարան» ՀԿ հիմնադիր Հասմիկ Թանգյանը։  

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային ֆեդերացիայի եւ Գիշյան  ընտանիքի կողմից։ Հիմնադրամի ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: 
 
Դիտում՝ 1969
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW