ԱրարատԲանկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ֆինանսավորվող «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագրի համաֆինանսավորող

16.09.2025 | 13:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #«Տերյան մշակութային կենտրոն #ՅՈՒՆԵՍԿՕ
ԱրարատԲանկը համաֆինանսավորել է «Տերյան մշակութային կենտրոնի» մեկնարկած «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ․ կոնվենցիայի շրջանակում գործող` Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) կողմից։ 

Ինչպես նշել են բանկում, ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց աջակիցների համար հատուկ մշակված մասնագիտական կրթության կազմակերպումն է՝ դիզայն, հագուստի մոդելավորում, դեկորատիվ կիրառական արվեստ։ Նպատակը՝ հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց ընտանիքների համար եկամուտ ապահովող հնարավորություններ եւ կայուն զբաղվածություն ստեղծելն է։ Ծրագիրն ուղղված է հատուկ կարիքներով անձանց, նրանց մայրերին եւ կին ազգականներին, ինչպես նաեւ նրանց հետ աշխատող մենթոր-մասնագետներին։

«Մենք գիտեինք, որ բարդ ճանապարհ ենք ընտրել՝ աշխատելու էինք երեխաների հետ, որոնք ունեն հաշմանդամություն եւ սահմանափակ կարողություններ, սակայն սկսեցինք փնտրել ամուր ձեռքեր ու բարի սրտեր։ Անկեղծ ասած, աջակցության համար դիմելով՝ մեծ հույսեր չէինք փայփայում, կարծում էինք՝ ստիպված ենք լինելու անցնել տարբեր փուլեր, ներկայացնել ծավալուն փաստաթղթեր, ապացուցել անցած ճանապարհը։ Սակայն մեր նպատակը միանգամից ընկալվեց ԱրարատԲանկում։ Մինչ այդ արդեն դիմել էինք այլ ֆինանսական հաստատությունների, լրացրել դրամաշնորհային հայտեր: Մարդկայնությունը ամենից վեր է այստեղ»,- ասել է «Տերյան մշակութային կենտրոնի» գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանը։

«Այս նախաձեռնությունը նոր հորիզոններ է բացում աուտիզմ ունեցող երեխաների եւ մեծահասակների, նրանց ծնողների ու մասնագետների համար․ արվեստի, արհեստների եւ ստեղծագործական մասնագիտությունների միջոցով նրանք հնարավորություն են ստանում ոչ միայն իրացնել իրենց ներուժը, այլեւ ձեռք բերել կայուն եկամտի աղբյուրներ եւ ունենալ լիարժեք մասնակցություն հասարակության մշակութային կյանքին։ ԱրարատԲանկի աջակցությունը ծրագիրը դարձնում է երկարաժամկետ եւ կենսունակ՝ ստեղծելով ամուր հարթակ սոցիալական ինտեգրման եւ մշակութային բազմազանության համար»,- նշել է «Աուտիզմ ազգային հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Լիլիթ Սողոմոնյանը՝ անչափ կարեւորելով ծրագիրը։ 

Ծրագրի գործունեության ընթացքում կազմակերպվելու է 24 աշխատաժողով։ Այդ շրջանակներում ոլորտի մասնագետները կվերապատրաստվեն դիզայնի եւ ձեռագործ աշխատանքների ոլորտում: Այնուհետեւ կկազմակերպվեն 24 վարպետաց դասեր եւ համատեղ աշխատարաններ, որտեղ այդ մասնագետներն արդեն կվերապատրաստեն եւ կուղղորդեն հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց մայրերին եւ կին ազգականներին՝ ցուցասրահային եւ առցանց վաճառքի համար բարձրորակ արտադրանք ստեղծելու նպատակով։

«2020 թվականից մենք անշեղ հանձնառություն ենք ստանձնել՝ աջակցելու սոցիալական ազդեցություն ունեցող ծրագրերին։ ԱրարատԲանկը հավատացած է, որ ֆինանսական միջոցներից առավել կարեւոր են մարդիկ, եւ այս արժեքավոր ներդրումը մարմնավորում է մեր բանկի փիլիսոփայությունը՝ տրամադրելով անհրաժեշտ ռեսուրսներ եւ բարձրացնելով ծրագրի տեսանելիությունն այն համայնքներում, որտեղ դրա կարիքն առավել շատ է զգացվում»,- նշել է  ԱրարատԲանկի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

«Պատահական չէ, որ մեր նախագիծը, որը մեկնարկում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանավորության ներքո, ֆինանսավորվելու է հենց ԱրարատԲանկի կողմից։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱրարատԲանկի ողջ թիմին ոչ միայն «Տերյան մշակութային կենտրոնի», այլեւ նախագծի մասնակից բոլոր մարդկանց անունից։ Սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց խնդիրը կարող է վերաբերվել ցանկացած մեկին՝ ցանկացած պահի։ Այն չունի ազգություն, չունի տարիքային սահմանափակում, եւ չի ճանաչում սահմաններ։ Մարդիկ պետք է լինեն սրտացավ»,- համոզված է «Տերյան մշակութային կենտրոնի» գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանը։ 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 5469
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW