Ինեկոբանկը եւ The Bank of New York Mellon-ը մեկնարկում են նոր համագործակցություն

19.08.2025 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #The Bank of New York Mellon
Ինեկոբանկը մեկնարկել է նոր եւ լայնածավալ համագործակցություն ամերիկյան առաջատար բանկերից The Bank of New York Mellon-ի հետ՝ ընդլայնելով միջազգային փոխանցումների աշխարհագրությունը եւ ապահովելով առավել արդյունավետ գլոբալ ֆինանսական ծառայություններ։ 

Այս համագործակցության շնորհիվ Ինեկոբանկի թե ֆիզիկական, թե իրավաբանական հաճախորդները կարող են ստանալ եւ իրականացնել ԱՄՆ դոլարով փոխանցումներ աշխարհի տարբեր ուղղություններով՝ ավելի արագ, հարմար եւ հուսալի եղանակով։ 

Բանկից հայտնել են, որ օգոստոսի 21-ից նոյեմբերի 30-ը ԱՄՆ դոլարով բոլոր փոխանցումներն Ինեկոբանկի միջոցով կիրականացվեն առանց միջնորդավճարի։ 

Թղթակցային հարաբերությունների հաստատմանը զուգահեռ՝ այս գործընկերությունը ներառում է նաեւ The Bank of New York Mellon-ի կողմից առաջարկվող ֆինանսական ծառայությունների ավելի լայն շրջանակ։

«Հաշվի առնելով մեր հաճախորդների փոփոխվող կարիքներն ու միջազգային փոխանցումների աճող ծավալը՝ մենք շարունակում ենք ներդրումներ կատարել տարբեր ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ եւ ապահովում ոչ միայն ներկա պահանջները, այլեւ հիմք դնում երկարաժամկետ զարգացման համար։ The Bank of New York Mellon-ի հետ այս գործընկերությունը եւս մեկ կարեւոր քայլ է՝ տրամադրելու մեր բոլոր հաճախորդներին առավել ժամանակակից, արագ եւ հուսալի բանկային ծառայություններ ինչպես մեր երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։ 

Նշվում է, որ երկու բանկերի միջեւ համագործակցությունը կնպաստի հատկապես կորպորատիվ հաճախորդներին մատուցվող ֆինանսական ծառայությունների ընդլայնմանը՝ խթանելով նրանց ակտիվ ներգրավվածությունը միջազգային առեւտրի ոլորտում։ 

«Մենք շարունակաբար քայլեր ենք ձեռնարկում մեր հաճախորդների համար կայուն եւ տեխնոլոգիապես առաջադեմ հնարավորություններ ապահովելու ուղղությամբ։ The Bank of New York Mellon-ի հետ այս գործընկերությունը դրա տրամաբանական շարունակությունն է, որը հատկապես կարժեւորեն մեր կորպորատիվ հաճախորդները։ Ներկայիս գլոբալ բիզնես միջավայրում բանկային գործարքների արագությունը, հուսալիությունը եւ բազմազանությունը որոշիչ նշանակություն ունեն, եւ մենք տրամադրում ենք գործիքներ, որոնք թույլ են տալիս կազմակերպություններին զարգացնել իրենց բիզնեսը միջազգային առեւտրի ոլորտում »,- ասել է Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանը։

Միջազգային փոխանցումների համար անհրաժեշտ տվյալները հասանելի են բանկի պաշտոնական կայքում եւ մասնաճյուղերում։ 

Ինեկոբանկի մասին 

Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որն առաջարկում է մանրածախ ու կորպորատիվ բանկային ծառայություններ` ուղղված յուրաքանչյուր անհատի եւ բիզնեսի ֆինանսական կարիքներին ու հետաքրքրություններին: Այս տարիների ընթացքում բանկը մշակել է նորարարական թվային լուծումներ եւ պրոդուկտներ՝ ներդնելով ֆինանսական ծառայությունների բոլորովին նոր մշակույթ Հայաստանում։ 

Ինեկոբանկն ունի թղթակցային հարաբերություններ աշխարհի մի շարք առաջատար միջազգային բանկերի հետ։

The Bank of New York Mellon-ի մասին 

The Bank of New York Mellon-ը համաշխարհային ֆինանսական կազմակերպություն է, որը խթանում է կապիտալի շուկայի զարգացումն ամբողջ աշխարհում։ Այն աջակցում է ինստիտուցիոնալ հաճախորդներին եւ ներդրողներին ավելի քան 100 ֆինանսական շուկաներում՝ տրամադրելով ակտիվների սպասարկման, վերջնահաշվարկի, պահառության, ինչպես նաեւ գանձապետական ծառայություններ, ներդրումների կառավարում եւ տվյալների վերլուծություն։
Դիտում՝ 11267
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW