Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարրչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հույս է հայտնել, որ “ՀԲ-ի հետ Հայաստանի հաջող գործակցությունը, նաեւ անցած տարի բանկի ղեկավարության հետ վաշինգտոնյան հանդիպումներն ու պայմանավորվածությունները կարդարացնեն մեր ժողովրդի սպասումները` հետագա արդյունավետ համագործակցության առումով”: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են կառավարության մամլո ծառայությունում, Տիգրան Սարգսյանն այդ մասին ասել է այսօր ՀԲ փոխնախագահ Շիգեո Կացուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: Հանդիպմանը քննարկվել են ՀԲ-ի հետ համագործակցությանը, համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման նպատակով բանկի կողմից Հայաստանին հնարավոր աջակցությանը: Նշվել է, որ համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի առաջին ալիքը Հայաստանում հաջողվել է անցնցում հաղթահարել` ի տարբերություն շատ երկրների, որտեղ ստիպված են ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ զգալի միջոցներ ծախսել:Հայաստանյան կառավարության ղեկավարը ՀՀ-ի հակաճգնաժամային ծրագրի ռազմավարությունը համարել է “բավականաչափ հստակ եւ հասկանալի”: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ առավելապես շեշտադրվելու են ենթակառուցվածքներում ծախսերի ավելացումը, մասնավորապես` ոռոգման, էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում, ավելացվելու են փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանն ուղղված: Կողմերը շեշտել են, որ ստեղծված իրավիճակն արագացված գործընթացներ է ենթադրում, ինչը նաեւ կանխարգելիչ բնույթ կկրի` հնարավորություն տալով հետագայում եւս խուսափել տնտեսության մեջ հնարավոր ցնցումներից:Տիգրան Սարգսյանը ՀԲ-ին տեղեկացրել է, որ Հայաստանը հաջող բանակցություններ է վարում այլ ֆինանսական կազմակերպությունների` Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի հետ` փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման նպատակով ակնկալվող գումարի չափն ավելի մեծացնելու ուղղությամբ: Tweet Դիտում՝ 11857