Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առեւտրային համակարգին

23.06.2025 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #MyInvest #AMXTrader

Ամերիաբանկը դարձել է Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առեւտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվել է բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։

Նոր ինտեգրման շնորհիվ MyInvest-ի օգտատերերը կարող են իրենց բջջային հավելվածից ներկայացնել առքուվաճառքի հայտեր, որոնք ակնթարթորեն արտացոլվում են AMXTrader համակարգում։ MyInvest-ն Ամերիաբանկի ներդրումային հարթակն է, որը հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային ֆինանսական շուկաների եւ 20,000-ից ավելի բաժնետոմսերի ու պարտատոմսերի: Այն բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել բազմաթիվ գործարքներ, այդ թվում՝ պարտատոմսերի շուկայում, ցուցաբերել մեծ ակտիվություն եւ դրանով իսկ նպաստել բորսայի ակտիվության բարձրացմանը։

«Այս նոր հնարավորությունն էապես արագացնում է գործարքների իրականացումը, բացառում է թղթային հանձնարարականների տրամադրման անհրաժեշտությունը եւ նվազեցնում է մարդկային գործոնով պայմանավորված սխալների ռիսկը։ Բացի տեխնիկական կատարելագործումից, նոր համագործակցությունը նպաստում է ներդրումային ծառայությունների որակի բարձրացմանը՝ ապահովելով ավելի հարմարավետ, արագ եւ ճշգրիտ գործիք ներդրումային գործարքների իրականացման համար։ Այն կարեւոր քայլ է դեպի լիարժեք թվայնացված ներդրումային միջավայր, որտեղ ներդրողները կարող են վերահսկել իրենց պորտֆելը եւ կատարել գործարքներ իրական ժամանակում։ Նմանատիպ ինտեգրումները խթանում են կապիտալ շուկայի զարգացումը՝ այն դարձնելով ավելի մատչելի, թափանցիկ եւ արդյունավետ բոլոր մասնակիցների համար»,- ասվում է հաղորդագրությունում:

 «Ուղիղ հասանելիությունն AMXTrader առեւտրային հարթակին ստեղծում է նոր որակի փորձառություն՝ թե՛ ներդրողի, թե՛ ֆինանսական կազմակերպության համար։ Մենք ողջունում ենք Ամերիաբանկի այս առաջադեմ քայլը, որը կարող է օրինակ ծառայել նաեւ այլ ընկերությունների համար։ Նմանատիպ համագործակցությունները խթանում են կապիտալի շուկայի զարգացումը՝ դարձնելով այն ավելի բաց, դինամիկ եւ արդյունավետ»,- ասել է AMX-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

«Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Ամերիաբանկի այս նոր համագործակցությունը շրջադարձային է թե՛ Ամերիայի թվային ներդրումային ծառայությունների զարգացման, թե՛ ընդհանրապես Հայաստանի կապիտալի շուկայի առաջխաղացման համար։ Արդյունքում ներդրողների համար ստեղծվում են որակապես նոր հնարավորություններ՝ ապահովելով գործարքների արագություն եւ հասանելիություն։ Մենք հավատում ենք, որ նմանատիպ թվայնացված լուծումները ոչ միայն բարձրացնում են ներդրումային մշակույթի մակարդակը, այլ նաեւ էական խթան են կապիտալի շուկայի ներուժի լիարժեք իրացման համար»,- նշել է Ամերիաբանկի արտարժութային եւ բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը:

Դիտում՝ 7634
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW