Ձեռքբերումներից զարգացման ռազմավարություն. անցկացվել է Telcell–ի բաժնետերերի տարեկան ժողովը

05.06.2025 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Telcell #տարեկան ժողով

2024 թվականը Telcell ընկերության համար շրջադարձային էր՝ բաց բաժնետիրական ընկերություն դառնալուց ու բաժնետոմսեր թողարկելուց մինչեւ Երեւանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգի գործարկում: 

Նախորդ տարի իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքներն ու հետագա զարգացման տեսլականը ներկայացվել է բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում: Ներկա էին ինչպես խոշոր, այնպես էլ մանր բաժնետերերը:

«Թել-Սել» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը նշել է, որ 2024 թվականը ընկերության համար բավականին հագեցած եւ իրադարձություններով լի էր: 

«2024–ի սեպտեմբերին մենք հայտարարեցինք բաժնետոմսերի հրապարակային թողարկման մասին եւ հնարավորություն ստեղծեցինք հանրությանը՝ մասնակիցը դառնալ մեր ընկերության զարգացման ուղու, մեր ընկերության ձեռքբերումների: Եվ շնորհիվ նաեւ մեր ֆինանսական շուկայի զարգացման տենդենցների՝ մեր բաժնետոմսերը սահմանված ժամկետից 1 օր էլ շուտ սպառվեցին»,–ասել է Արտյոմ Ղազարյանը: 

Ավելի քան 4 մլն բաժնետոմս սպառվել է 2 ամսվա ընթացքում: Այսօր ընկերությունն ունի շուրջ 3600 բաժնետեր:

«Հավատարիմ մնալով մեր դիվիդենտային քաղաքականությանը՝ մենք այս տարի գրանցված շահույթի շուրջ 79%-ը տեղաբաշխելու ենք որպես դիվիդենտ, տրամադրելու ենք որպես շահաբաժին, որն առաջ է բերում շուրջ 9% շահութաբերություն: Այսինքն՝ եթե մեր բաժնետերը ձեռք է բերել բաժնետոմսը՝ 400 դրամով, ներկայում յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց կստանա 36 դրամ շահաբաժին: Սա, կարծում եմ, որ աննախադեպ է, եւ հայաստանյան ֆինանսական շուկայի զարգացման համար շատ գործուն քայլ է, քանի որ այդ շահաբաժնի չափը գրանցվել է ընդամենը 6–7 ամսվա համար»,– նշել է Արտյոմ Ղազարյանը:

«Ընկերության հասույթը մոտ 8%-ի չափով աճ գրանցեց: Telcell–ի էկոհամակարգով կատարված վճարումների ծավալը գերազանցեց 900 մլրդ–ի շեմը»,–նշել է ընկերության գլխավոր տնօրենը:

Ընկերության կապիտալը 2023–ի համեմատությամբ աճել է շուրջ 44%-ով: Էականորեն՝ շուրջ 80%-ով աճել է Telcell Wallet հավելվածի ակտիվ օգտատերերի քանակը: Հավելվածի միջոցով ստացված վարկերի ծավալը աճել է 25%-ով: Հաշվետու տարվա ընթացքում թվային Visa տեսակի քարտերի քանակը աճել է 40 հազարով: Ընկերության տերմինալային ցանցը եւս աճել է՝ շարունակելով պահել առաջատարի դիրքերը շուկայում. ողջ հանրապետության տարածքում ավելի քան 5000 տերմինալ: Telcell–ի էկոհամակարգի միջոցով իրականացված գործարքների քանակն ամսական կտրվածքով գերազանցում է 12 մլն գործարքը: 

 «Այս ամբողջ արդյունքները պետք է մեր բաժնետերերի համար հիմք հանդիսանան լավատեսության ու վստահության, որ հետագա տարիների ընթացքում ընկերությունը շարունակելու է իր դինամիկ զարգացումը»,– նշել է Արտյոմ Ղազարյանը: 

Նշվում է, որ ընկերությունը շարունակաբար ներդրումներ է կատարում, ներգրավում է շուկայի լավագույն մասնագետներին, արդիականացրել եւ շարունակում է արդիականացնել նաեւ իր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Այս առումով Telcell–ը ստացել է նաեւ հեղինակավոր հավաստագրեր, որոնք վկայում են ընկերության տեխնոլոգիական հենքի, միջազգային չափանիշներին համապատասխանելիության մասին:

Telcell–ը մտադիր է զարգացնել իր ենթակառուցվածքները: Սպասվող ենթակառուցվածքային նորարարություններն են տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորությունը, Telcell-ի Visa Digital քարտի միջոցով կանխիկացման հնարավորությունը, նաեւ նոր սերնդի ունիվերսալ Telcell բանկոմատների ներդրումը: 
 «Բացի այդ ամեն ինչից մենք նախատեսում ենք վերազինել ու վերափոխել մեր հավելվածը, որը կհամապատասխանի օգտատերերի փորձառությանը: Նաեւ արհեստական բանականության էլեմենտների կիրառման արդյունքում կունենանք ավելի ադապտացված, ավելի հարմարեցված հավելված, որը բնորոշ է միջազգային շուկայում առաջատար տեխնոլոգիական լուծումներ տրամադրող ընկերություններին»,–ասել է Արտյոմ Ղազարյանը:

Բաժնետերերի ընդհանուր ժողովի ընթացքում ընկերության գլխավոր տնօրենը պատասխանել է բաժնետերերին հուզող տարաբնույթ հարցերի: Ընդհանուր ժողովը հաստատել է, որ «ԹԵԼ–ՍԵԼ» բաց բաժնետիրական ընկերության 2024 թվականի հաշվետվությունը, նաեւ արտաքին աուդիտորի կողմից հաստատված՝ ընկերության 2024թ ֆինանսական հաշվետվությունը: Հաստատվել է նաեւ ընկերության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ: 

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 1663
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW