Ֆասթ Բանկը Fastex-ի հետ համատեղ ներդրել է նոր գործիքակազմ, որով հաճախորդները հնարավորություն ունեն փոխանցումներ կատարել իրենց բանկային եւ Fastex Exchange հաշիվների միջեւ առանց միջնորդավճարի։ Ֆասթ Բանկի հաճախորդներն այսուհետ հեշտությամբ կարող են լիցքավորել Fastex Exchange-ի իրենց հաշիվը՝ օգտագործելով բանկում առկա միջոցները եւ հակառակը։«Ֆասթ Բանկն առաջին բանկն է Հայաստանում, որ գործակցություն է սկսել բլոկչեյն տեխնոլոգիաներ կիրառող ընկերության հետ։ Ֆասթը թվային բանկ դառնալու նպատակաուղղված ծրագրեր ունի, եւ ուրախ ենք, որ մեզ հաջողվել է գործակցություն սկսել Ֆասթեքսի նման կազմակերպության հետ, որն ունի միջազգային մեծ փորձ եւ հանդիսանում է տեխնոլոգիական զարգացման առաջատարներից մեկը։ Այս համատեղ գործակցությունը տեխնիկապես հնարավոր է դարձնում կրիպտոակտիվների փոխարկումը դրամի, ինչը Հայաստանում նախկինում հնարավոր չէր իրականացնել։ Սա նոր հորիզոններ է բացում մեր հաճախորդների համար թվային ակտիվների շրջանառության, ներդրումների ներգրավման եւ ֆինանսական նորարարությունների ասպարեզում, ի դեպ, ամբողջովին համապատասխանելով միջազգային ստանդարտներին եւ իրավական դաշտին»,- ասել է Ֆասթ Բանկի նախագծի ղեկավար Դավիթ Քոթանյանը:Նշվում է, որ հաճախորդները, մուտք գործելով բանկի հավելված, փոխանցումներ բաժնում ընտրում են Fastex տարբերանշանը, մուտքագրում Fastex Exchange-ի իրենց նույնականացման վեցանիշ թիվը՝ ID-ն, ու ելքագրման դրամային հաշվեհամարը, նշում գումարի չափը եւ հաստատում գործարքը։ «Ֆասթ Բանկն առաջիններից մեկն էր, որ համաձայնեց համագործակցության հիմքերը դնել եւ սկսել աշխատանքները համակարգերի ինտեգրման եւ հարթակների ու միջավայրերի հասանելիությունը հաճախորդներին ապահովելու համար։ Հաճախորդները Ֆասթ Բանկի իրենց համար ավելի պարզ եւ հասկանալի միջավայրերում հնարավորություն են ստանում բավական հեշտ եւ պարզ եղանակով հասանելիություն ստանալ Ֆասթեքսի նման հարթակում»,- նշել է Ֆասթեքսի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը:Գործարքները կատարվում են միայն հաճախորդի սեփական հաշիվների միջեւ։Ֆասթ Բանկը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 2863