Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի ելույթով եւ ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ

05.05.2025 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆիլհարմոնիկ #Hooverphonic #ԱրարատԲանկ
ԱրարատԲանկի հովանավորությամբ հայ հանդիսատեսին աննախադեպ մշակութային իրադարձություն է սպասվում։ Աշխարհահռչակ բելգիական Hooverphonic խումբը մայիսի 7-ին ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանի շրջանակում կազմակերպված հատուկ համերգային ծրագրով:

Համերգների գործընկերն է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանությունը` ի դեմս արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Էրիկ Դե Մույնքի։

ԱրարատԲանկի նախաձեռնությամբ` համերգին ուղղված գումարի մի մասը կտրամադրվի Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին՝ երեխաների կրթական պայմանները բարելավելու նպատակով:

«Մենք հավատում ենք, որ իսկական արվեստը սահմաններ չի ճանաչում եւ ունի մարդկանց միավորելու զորություն: Hooverphonic բելգիական խմբի եւ մեր պատմական նվագախմբի այս հանդիպումը ոչ միայն բացառիկ մշակութային իրադարձություն է, այլեւ՝ գեղեցիկ օրինակ, թե ինչպես կարող է երաժշտությունը կամուրջներ կառուցել տարբեր մշակույթների, սերունդների եւ երաժշտական ուղղությունների միջեւ: Հատկապես ուրախ ենք, որ այս համերգի միջոցով կկարողանանք աջակցել լսողության խնդիրներ ունեցող երեխաներին՝ հնարավորություն տալով նրանց զգալու երաժշտության կախարդանքը»,- ասել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը:

«Սա եւս մեկ ապացույց է, որ բանկը հավատարիմ է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ միավորելով բարձրարժեք արվեստի հանրայնացումը եւ սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնությունների աջակցությունը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանն էլ նշել է, որ ներկայում հիմնանորոգված համերգասրահի շենքային պայմանները թույլ են տալիս պատվով հյուրընկալել հռչակավոր երաժիշտների եւ երաժշտախմբերի.

«Առաջիկայում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դասական-ակադեմիական համերգներից բացի, ծրագրում ենք ավելացնել crossover ժանրի բարձրորակ համերգների քանակը: Պլանավորվում է համերգասրահի լուրջ տեխնիկական վերազինում, ինչը կհեշտացնի նմանատիպ համերգների կազմակերպումը: Ամեն ջանք ներդրվում է, որպեսզի լիարժեքորեն օգտագործվեն ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի բոլոր հնարավորությունները, ինչը կնպաստի մեր լսարանի ընդլայնմանը: Շատ եմ կարեւորում ԱրարատԲանկի եւ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությունը: Այս համերգի շրջանակում միավորել ենք մեր ջանքերը՝ ի նպաստ լսողության խնդիրներ ունեցող երեխաների աջակցության: Գնահատելի է, որ լինելով ֆինանսական կառույց, նրանք արժեւորում են մշակույթը եւ վերջինիս դրական ներգործության ուժը ու ջանում են արվեստի միջոցով իրագործել սոցիալական ծրագրեր»:
Դիտում՝ 6164
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW