ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ մայիսի 5-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Արցախ» կամերային նվագախմբի աննախադեպ համերգը՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը եւ դիրիժորը Նարեկ Հախնազարյանն է, իսկ մենակատարը՝ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։«ԱրարատԲանկի համար մեծ պատիվ է լինել այս նշանակալից մշակութային իրադարձության հովանավորը։ Մենք հավատում ենք, որ մշակույթը մեր ազգային ինքնության անբաժանելի մասն է, իսկ նման համերգները ոչ միայն պահպանում են մեր հարուստ մշակութային ժառանգությունը, այլեւ նպաստում են նրա զարգացմանն ու միջազգային ճանաչմանը: Հատկապես ուրախ ենք աջակցել «Արցախ» կամերային նվագախմբին, որն իր գործունեությամբ նպաստում է հայկական երաժշտական արվեստի զարգացմանը եւ հանրահռչակմանը»,- ասել է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։««Արցախ» կամերային նվագախմբի այս համերգը բացառիկ է իր բնույթով։ Ուրախ ենք, որ երեկոյի ընթացքում մեզ հետ ելույթ է ունենալու իմ շատ սիրելի ընկեր, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Մենք միասին փոխանցելու ենք այն ապրումները, որոնք մեզ միավորում են՝ որպես հայ, որպես արվեստագետ եւ որպես մարդիկ, որոնք հավատում են, որ մշակույթն ունի բուժելու, միավորելու ու ոգեշնչելու ուժ։ ԱրարատԲանկի անգնահատելի հովանավորությունը «Արցախ» կամերային նվագախմբին ուժ է տալիս չընկճվելու եւ շարունակելու ճանապարհը։ Այս աջակցությամբ մենք հնարավորություն ենք ստանում երաժշտության լեզվով աշխարհին հասցնելու Արցախի ձայնը, պահպանելու մեր հոգեւոր արժեքները եւ վերածնվելու արվեստի միջոցով։ Արցախցու ոգին, կամքն ու մշակույթի անմահությունը դառնում են լսելի՝ յուրաքանչյուր նոտայի, յուրաքանչյուր հնչյունի միջոցով», -նշել է Նարեկ Հախնազարյանը։Երեկոյի ծրագրում ներառված են Բարտոկ` Ռումինական ժողովրդական պարեր, Հարությունյան` Կոնցերտ ջութակի եւ լարային նվագախմբի համար, Միրզոյան՝ Շուշանիկ եւ Շոստակովիչ Կամերային սիմֆոնիա դո մինոր, Օպուս 110ա ստեղծագործությունները։Տոմսերը հասանելի են Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղում եւ առցանց հարթակներում: Tweet Դիտում՝ 7256