ԵԿԳ-ն ուշադիր հետեւում է ռուսաստանյան շուկայում տիրող իրավիճակին
22.01.2009 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Երեւանի կոնյակի գործարանի /ԵԿԳ/ ղեկավարությունն ուշադիր հետեւում է իրավիչակի զարգացմանը ռուսաստանյան շուկայում եւ պատրաստ է համարժեք միջոցներ նախաձեռնել:
Այդ մասին, պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հարցին, այսօր ասել է ԵԿԳ նորանշանակ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը, որը նախկինում ղեկավարում էր “Պեռնո Ռիկար Ուկրաինա” ընկերությունը:
Նա նշել է, որ ԵԿԳ-ի համար խոշորագույն շուկա հանդիսացող Ռուսաստանում ճգնաժամով պայմանավորված՝ ընկերությունը դեռեւս քայլեր չի ձեռնարկում եւ իրավիճակի ուշադիր մոնիտորինգ է անցկացնում:
“Խոսքը նախեւառաջ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու փոխարժեքի փոփոխման մասին է: Եթե տարվա ընթացքում փոխարժեքը լուրջ փոփոխություններ կրի, դա մեզանից համապատասխան որոշումներ կպահանջի”,- նկատել է Արա Գրիգորյանը: Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ հայկական կոնյակի սիրահարները այլ խմիչքի չեն անցնի: “Չեմ բացառում, որ “Նաիրի” կոնյակ սիրողները կարող են ժամանակավորապես անցնել “Ախթամարի”, սակայն մեր սպառողները ամեն դեպքում մեզ հետ կմնան”,- ասել է Արա Գրիգորյանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին պատասխանելով՝ “Պեռնո Ռիկար Արեւեւլյան Եվրոպա” ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Լաբորդը ասել է, որ չնայած ճգնաժամին՝ “ԱրԱրԱտ” կոնյակի վաճառքի ծավալը ռուսաստանյան շուկայում 2008թ. երկրորդ կիսամյակում աճել է 14 տոկոսով:
Էրիկ Լաբորդը ընդգծել է, որ “ԱրԱրԱտը” բացարձակ ռազմավարական ապրանքանիշ է “Պեռնո Ռիկար Արեւելյան Եվրոպայի” համար” եւ “մեր բացարձակ առաջնահերթությունն է Ռուսաստանում”: Նա նաեւ նշել է, որ “Պեռնո Ռիկար Արեւելյան Եվրոպան” որոշակի միջոցառումներ է մշակել 2009 թվականին “ԱրԱրԱտ” ապրանքանիշին օժանդակելու համար:
ԵԿԳ նախկին ղեկավար Սեդրիկ Ռետայոն, ով նշանակվել է “Պեռնո Ռիկար Վենեսուելա” ընկերության գործադիր տնօրեն, այսօր ներկայացրել է 2008թ. երկրորդ կիսամյակում ԵԿԳ-ի գործունեության որոշ արդյունքներ: Վաճառքների ընդհանուր աճը կազմել է 8%, արտադրության ծավալը կազմել է 2.6 մլն լիտր: Ռուսաստանում վաճառքի աճը կազմել է 14%, Հայաստանում՝ 4%, Բալթյան երկրներում՝ 16%: Վաճառքների ակտիվացում է գրանցվել Գերմանիայում, Լեհաստանում, Բուլղարիայում եւ Չեխիայում:
2008թ. երկրորդ կիսամյակում ԵԿԳ-ում արտադրական եւ տեխնոլոգիական գործընթացների կատարելագործման ուղղությամբ կատարված ներդրումները կազմել են $2 մլն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: