Մեկնարկել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» երկօրյա աշխատաժողովը

25.03.2025 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #«Թվային փոխակերպման առաջնորդություն»
Մարտի 25-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով երկօրյա աշխատաժողովը:

Այն կազմակերպել է Կենտրոնական բանկը՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ:

ԿԲ-ից հայտնել են, որ աշխատաժողովի նպատակն է համախմբել պետական կառույցների ջանքերը թվային կառավարման օրակարգի շուրջ՝ կարեւորելով թվայնացման օրակարգի առաջնահերթությունը երկրի զարգացման համար:

Աշխատաժողովը վարում է Անդրես Կուտտը, ով 2013-2017 թթ. ընթացքում Էստոնիայի թվային վերափոխումն իրականացրած թիմի առանցքային առաջնորդներից մեկն է: Մասնակցում են ՀՀ տարբեր պետական կառույցների թվայնացման ոլորտը համակարգող ղեկավարները եւ «Կյանքի 12 իրադարձություն» թվայնացման նախագծում ներգրավված ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Նշվում է, որ աշխատաժողովի շրջանակում նախատեսվում է քննարկել թվայնացման հիմնարար բաղադրիչները, քաղաքականությունները, թվային կառավարման մոդելները, ինչպես նաեւ դրանց ներդրման հաջողություններն ու մարտահրավերները:

Մասնակիցներին կներկայացվեն թվային նույնականացման համակարգերի տեխնոլոգիական, քաղաքական, իրավական եւ կառավարման մոդելներ, կքննարկվեն փոխգործելիության եւ տվյալների կառավարման ժամանակակից մոտեցումները՝ Էստոնիայի փորձի օրինակով: Անդրադարձ կլինի արհեստական բանականությանը եւ ամպային տեխնոլոգիաներին եւ դրանց ազդեցությանը թվային կառավարման ապագայի վրա:

«Կենտրոնական բանկը հանձնառու է շարունակել իր աջակցությունը երկրի թվային վերափոխման գործընթացներին՝ նպաստելով հանրության համար անվտանգ, հարմար եւ հասանելի թվային ծառայությունների ստեղծմանն ու զարգացմանը»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
Դիտում՝ 2381
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW